Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՀ․ Տարեվերջին Ադրբեջանի տնտեսության անկումը կկազմի շուրջ 2․5 տոկոս


Ադրբեջան - Մանաթի կտրուկ արժեզրկման հետևանքով փակված խանութներ Բաքվում, 22-ը դեկտեմբերի, 2015թ․

Ադրբեջան - Մանաթի կտրուկ արժեզրկման հետևանքով փակված խանութներ Բաքվում, 22-ը դեկտեմբերի, 2015թ․

2016 թվականին ադրբեջանական տնտեսության անկումը շուրջ 2.5 տոկոս կկազմի` 2015 թվականի 1 տոկոս աճի դիմաց: Այս մասին օրերս հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի Բաքվի գրասենյակի ղեկավար Մոհամադ Էլ Քորչին:

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ պետական ֆինանսավորման ծավալները երկրում կրճատվում են, վարկերի տրամադրումը լճացած վիճակում է, իսկ նավթի արդյունահանման ծավալները չեն աճում, կարելի է ակնկալել, որ 2016 թվականի ողջ կտրվածքով տնտեսական աճի ցուցանիշներն Ադրբեջանում բացասական են լինելու», - նշում է Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյան կազմակերպության կայքում հրապարակված հարցազրույցում:

«Հարկավոր է նաև հաշվի առնել, որ եթե 2015 թվականին սղաճի ցուցանիշը Ադրբեջանում 4 տոկոսից քիչ ավելին էր, ապա 2016 թվականի կտրվածքով այն, ըստ ամենայնի, կտրուկ ցատկ կարձանագրի` մինչև 10 տոկոս», - պնդում է Էլ Քորչին:

Արժույթի միջազգային հիմնադրամի Բաքվի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական տնտեսության ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը դրա երկարամյա կախվածությունն է էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտներից:

«Տնտեսական բումի տարիներին նավթային եկամուտները կազմում էին Ադրբեջանի ՀՆԱ-ի և կառավարության հավաքագրած եկամուտների երեք քառորդը: Արտահանումից ստացված եկամուտների ընդհանուր կառուցվածքում այդ ցուցանիշը հասնում էր 90 տոկոսի: Նավթի գնի անկումը արագորեն կրճատեց էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտները: Որպես հետևանք՝ նվազեցին օտարերկրյա ուղղակի ներդրումները, Ադրբեջանի նավթային հիմնադրամն ավելի քիչ գումար սկսեց փոխանցել երկրի պետական բյուջե, անկում գրանցվեց պետական ֆինանսավորման ծավալներում», - նշում է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը` հավելելով, որ այս ամենից առաջինը տուժեցին ազգային տարադրամն ու երկրի բանկային համակարգը:

Հիմնադրամի ներկայացուցչի համոզմամբ, Ադրբեջանը ստեղծված ճգնաժամը երկարաժամկետ կտրվածքով ի վիճակի կլինի հաղթահարել միայն մի դեպքում` եթե կարողանա արագորեն նոր տնտեսական ռազմավարություն որդեգրել:

«Անցումը ոչ-նավթային մասնավոր սեկտորի աճի վրա հիմնված տնտեսական նոր մոդելին նախևառաջ համակարգային լուրջ բարեփոխումներ է պահանջելու: Հարկավոր կլինի խթանել մրցակցությունը տարբեր ընկերությունների միջև, հեշտացնել բիզնես սկսելու պայմանները: Ամենահրատապը, սակայն, Ադրբեջանի բանկային համակարգի շուտափույթ և լավ կազմակերպված զտումն է», - հայտարարում է Արժույթի միջազգային հիմնադրամի Բաքվի գրասենյակի ղեկավարը:

XS
SM
MD
LG