Մատչելիության հղումներ

Նախագահը պարգևներ է հանձնել անկախության 25-րդ տարեդարձի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական կոչումներ:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, տարբեր բնագավառներում ակնառու հաջողությունների հասած անձանց Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պետական բարձր պարգևները:

«Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում։ Այսօր մենք արժանին ենք մատուցում նրանց», - պարգևատրման արարողության ժամանակ, մասնավորապես, ասել է նախագահը։

«Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով: Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք այս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք: Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ: Շնորհակալություն, որ դուք կաք: Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք և անսպառ եռանդ ձեր գործունեության մեջ, քանի որ դուք բացառիկ ու շնորհակալ գործ եք կատարում, և շատ վստահ եմ, որ շարունակելու եք անել մեր երկրի և ժողովրդի համար ամեն հնարավորը: Անելու եք հանո՛ւն Հայաստանի: Շնորհակալ եմ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ», - իր խոսքում ասել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG