Մատչելիության հղումներ

logo-print

Անցած կիրակի Հայաստանի 317 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քրեորեն պատժելի խախտումներ են արձանագրվել, որոնց մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լռում է, պնդում է տեղական ընտրությունները դիտարկած «Իրավունքի Եվրոպա» միավորման ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։

«Այնպիսի տպավորություն է, որ ԿԸՀ-ում այդ օրն աշխատել է մի մամուլի խոսնակ, որի առաքելությունը եղել է քաղհասարակության հայտարարություններին արձագանքելը, և մի քանի տեխնոլոգ, որոնց առաքելությունը եղել է տեղամասային հանձնաժողովներին ճիշտ խորհրդատվություն տալ, որպեսզի ավելորդ խախտումների բեռի տակ չմնան և կարողանան այդ խախտումները սվաղել», - թեմայի շուրջ այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեց Եգորյանը:

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն էլ նկատեց՝ թեև այս ընտրություններին ակտիվ դիտորդական առաքելություն է իրականացվել, սակայն ընտրախախտումները, մասնավորապես ուրիշի փոխարեն քվեարկելու երևույթը, արդեն համակարգային խնդիր է դարձել։

«317 համայնքից 16-ում դիտարկում ենք կատարել, և այդ 16-ում էլ արձանագրել ենք նման խնդիրներ», - նշեց Գրիգորյանը:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, բացի վերահաշվարկի ու քվեարկությունն անվավեր ճանաչելու մասին դիմումներից, հանձնաժողովը ստացել է 142 այլ դիմումներ, որոնց ընթացք կտրվի և կլինեն համապատասխան որոշումներ:

Անդրադառնալով հանձնաժողովի հասցեին հնչած մեղադրանքներին՝ ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց․ - «Քվեարկության ամբողջ օրը ԿԸՀ-ն աշխատել է, հետևել է տարբեր հրապարակումների և անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ տեղամասում բավարար վերահսկողության դեպքում ձայները, որոնք քաղաքացիներն ինքնակամ տալիս են իրենց թեկնածուին, ամբողջությամբ պահվում են։ Նրա խոսքով՝ անգամ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման դեպքում, եթե տեղամասում չկան վստահված անձիք կամ դիտորդներ, որևէ կերպ հնարավոր չէ պարզել խախտում կա, թե ոչ։

«Պետք է արձանագրել, որ այստեղ քաղաքացու կամքը, այնուամենայնիվ, առաջնային է։ Եթե նրանք ձայնը տալիս են և այդ ձայնը պահվում դիտորդների և կուսակցությունների կողմից, այդ ձայնն իրացվում է», - նշեց Խաժակյանը:

Խախտումների համար կիրառվելիք պատժամիջոցների շուրջ բանախոսները տարակարծիք էին։ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչի համոզմամբ՝ պետք է տեղում կանխել խախտումը, որպեսզի ընտրության արդյունքը երևա։ Իրավախորհրդատու Տիգրան Եգրորյանը, սակայն, կարծում է, որ պետք է արդար դատավարությունների միջոցով պատժել ընտրակեղծարարներին․ - «Այլ կերպ զարգացում, իրավական պետություն չի ձևավորվում։ Բոլոր երկրներն էլ անցել են էս ճանապարհով»։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցչի խոսքով՝ կեղծիքների դեմ պետք է պայքարել սոցիալական ճնշման միջոցով։

«Կայք ենք ստեղծում, որտեղ կհրապարակվեն կեղծարարների դեմքերը, թե ինչ պաշտոններ են զբաղեցրել, ինչ կեղծիքներ են գործել և այլն», - պատմեց Արմեն Գրիգորյանը:

XS
SM
MD
LG