Մատչելիության հղումներ

Ինչու ԵԱՏՄ-ն չի դառնա ԵՄ


Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները, Աստանա, 31-ը մայիսի, 2016թ.

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցները, Աստանա, 31-ը մայիսի, 2016թ.

Ռուսաստանը ոչ Եվրոպա է, ոչ էլ Ասիա է, ուրեմն այդպես է նաև մյուսների դեպքում

Ինչպեսև Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունն էլ ստեղծվել է մեկ նպատակով՝ ամրացնել Ռուսաստանի հսկողությունը իր սահմաններին հարող տարածքներում:

Ներդրումներ անելու և անվտանգությունն ապահովելու խոստոմներ տալով, Մոսկվան համոզել է Բելառուսին և Ղազախստանին, ապա Հայաստանին և Ղրղըզստանին՝ անդամակցել միությանը:

Եվ այնուամենայնիվ, ըստ Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցի, Մոսկվան չի հասել գլոբալ նպատակին. Եվրասիական տնտեսական միությունը չի դարձել Եվրոպական միության մրցակից և այսօրվա դրությամբ սոսկ փորձում է հաղթահարել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամից բխող բարդությունները:

Թեպետ Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը ոգևորել է Մոսկվային, միևնույն է, Եվրասիական տնտեսական միության ամենակարևոր անդամի մշտական թուլության արդյունքում ԵԱՏՄ-ն կմնա արևմտյան մրցակցի՝ Եվրամիության ստվերում:

Stratfor-ի փորձագետների համոզմամբ, Կրեմլը հավատարիմ է մի հիմնարար սկզբունքի՝ «Ռուսաստանը ոչ Եվրոպա է, ոչ էլ Ասիա է, ուստի, սահմանների մոտ գտնվող պետություններն էլ իրենց չպետք է դասեն Եվրոպային կամ Ասիային»:

Կայսրություն, որը կշրջապատեն բուֆերային երկրներ

Ռուսների գաղափարն է անջատվել մայրցաքամային կայսրություններից, կայսրության վերածել բուն Մայր Ռուսաստանը, որը պետք է շրջապատված լինի արևմտյան, արևելյան և հարավային բուֆերային պետություններով:

ԵԱՏՄ-ն հենց այդ գաղափարի իրականացման փորձն է և այդ առումով տարբերվում է հիմնականում տնտեսական նպատակ հետապնդող նախորդից՝ Մաքսային միությունից:

2010-ը թվականին ստեղծված Մաքսային միությունն էլ հավակնում էր դառնալ Եվրամիության մրցակիցը: Ընդ որում, անդամ երկրների լռելյայն համաձայնությամբ Ռուսաստանն էր համարվում կառույցի անառարկելի առաջատարը:

Մաքսային միությունը չէր օկուպացնում հարևաններին, ինչպես դա արել են Ռուսական կայսրությունը և Խոհրդային Միությունը: Նախկին խորհրդային որոշ երկրներ կամավոր են ձգտել Մաքսային միություն:

Այդ երկրներում հանրության զգալի մասը Եվրամիության ազատական դեմոկրատիան չի համարում մոդել, որը պետք է իրենց մոտ կրկնօրինակել:

Կարոտախտ սովետական անցյալի նկատմամբ

Ավելին, նախկին խորհրդային որոշ երկրներում առկա է կարոտախտ խորհրդային անցյալի հանդեպ, քանի որ այն ընկալվում է իբրև կայունության, անվտանգության և սոցիալական պաշտպանվածության ժամանակաշրջան:

Տարբեր առումներով Ռուսաստանից կախված այդ երկրները պատրաստ էին չզարգացնել կապերն Արևմուտքի կամ Ասիայի հետ և պահպանել համագործակցությունը Մոսկվայի հետ:

Մաքսային միությունը 2011-ին ընդունեց Մաքսային օրենսգիրքը, իսկ 2012-ին՝ Ընդհանուր շուկայի համաձայնությունը: Երկու տարի անց Հայաստանն ու Ղրղըզստանը ներկայացրեցին անդամակցելու հայտեր, և 2015-ին հնգյակը դարձավ Եվրասիական տնտեսական միություն:

Ընդհանուր հաշվով, միությունն ունի 179 միլիոն բնակիչ և 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի ներքին համախառն արդյունք, սակայն առանցքային դերը Ռուսաստանին է, որն ունի 143 միլիոն բնակիչ և 1 տրիլիոն 600 միլիարդ դոլարի համախառն ներքին արդյունք:

Ռուսական ճգնաժամը տարածվել է ԵԱՏՄ մյուս երկրների վրա

Ռուսաստանի գերակայությունը միությունում արդեն առաջացրել է որոշակի բարդություններ անդամների համար: Էներգակիրների գնանկումը և արևմտյան պատժամիջոցները հարված են հասցրել ռուսական ռուբլուն և տնտեսությանը, որը 2015-ին գրանցել է 3.7 տոկոսի անկում:

Հայտնվելով Ռուսաստանի հետ մաքսային ընդհանուր սահմաններում, միության մնացած անդամները սկսել են իրենց վրա զգալ Ռուսաստանի տնտեսության դժվարությունների հետևանքները:

Մյուսների համեմատությամբ Մոսկվան ավելի բարձր տարիֆներ ունի գրեթե բոլոր ապրանքատեսակների վերաբերյալ: Միության անդամները ստիպված էին բարձրացնել և ռուսական չափերին հասցնել իրենց սակագները, և քանի որ Ռուսաստանի տնտեսությունն անկում է գրանցել՝ մնացած անդամներն էլ տուժել են:

Այդ երկրների ազգային արժույթների կուրսն ընկել է, եկամուտներն ու առևտուրը նվազել են, սղաճը մեծացել է:

Բելառուսում տնտեսության անկումը մոտ 4 տոկոսի է հասել, Ղազախստանում, Հայաստանում և Ղրղըզստանում տնտեսության աճը կազմել է, համապատասխանաբար, 1.2, 3 և 3.5 տոկոս:

ԵԱՏՄ-ն շատ հեռու է Կրեմլի երազած ծրագրից

Եվ այնուամենայնիվ, այդ երկրների տեսակետից ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրելու Ռուսաստանի ունակությունն ունի շատ ավելի մեծ նշանակություն: Հետևաբար, դրանք առաջիկա տարիներին հավատարիմ կլինեն ԵԱՏՄ-ին:

Սակայն ընդհանուր հաշվով ԵԱՏՄ-ն կլինի շատ հեռու Կրեմլի պատկերացումից, ըստ որի՝ գաղափարը պետք է միավորեր նախկին խորհրդային գրեթե բոլոր երկրներին:

Մինչդեռ այս ժամանակաշրջանում Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը փորձում են սերտ կապեր հաստատել Եվրոպայի հետ:

ԵՄ-ի խնդիրները՝ Մոսկվայում ուրախության առիթ

Stratfor-ի փորձագետները նշում են, որ Եվրամիությունն էլ, իհարկե, ունի լուրջ բարդություններ: Բրիտանիան հեռանում է, կան տնտեսական խնդիրներ, միգրանտների ճգնաժամ, Ֆրանսիայում և Ավստրիայում գլուխ են բարձրացնում ազգայնական և ծայրահեղ աջակողմյան ուժերը: Լեհաստանում և Հունգարիայում պահանջում են Բրյուսելի լիազորությունների մի մասը փոխանցել ազգային խորհրդարաններին:

Եվրամիության թուլացումը ձեռնտու է Եվրասիական տնտեսական միությանը երկու առումով․ նախ՝ այդ վիճակում միությունը չի գրավի նոր անդամների, բացի այդ՝ թուլությունը խարխլելու է միասնությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականություն վարելու հարցում:

Բայց նույնիսկ այդ իրողությունները բնավ չեն լուծում բուն Ռուսաստանի տնտեսական և քաղաքական դժվարությունները:

Այդ խնդիրները չկարգավորվելու պարագայում անհավանական են դարձնում Եվրասիական տնտեսական միության ընդարձակումը և խոչընդոտում են դրա ամրությունը:

Էներգակիրների ցածր գները Եվրասիայի տարածքում հանգեցնում են եկամուտների, առևտրի և դրամական փոխանցումների կրճատման: Իսկ դա, իր հերթին, պակաս գրավիչ է դարձնում ԵԱՏՄ-ն հավանական թեկնածու երկրների համար:

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում միայն Տաջիկստանը՝ թույլ երկիր, որն ունի բազում չլուծված հիմնախնդիրներ:

ԵԱՏՄ-ն՝ իր առաքելությունում ձախողված կառույց

Վերլուծելով նշված միտումները, Stratfor-ի փորձագետները փաստում են, որ առաջիկա տարիներին ԵԱՏՄ-ն կլինի հենց այդ վիճակում՝ չընդարձակվող և իր առաքելությունում ձախողված, շփոթված կառույց:

Հնգյակը կմնա հարթակ, որը Ռուսաստանին թույլ կտա ձևավորել հարաբերությունները հարևանների հետ, բայց չի հասնի այն դերակատարությանը, որի մասին երազել է Կրեմլը՝ մշակելով ԵԱՏՄ-ի գաղափարը:

ԵԱՏՄ-ն չի կազմալուծվի, սակայն դրա ներկայությունն արտաքին աշխարհի վրա լուրջ ազդեցություն չի գործի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG