Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգությունը» լեգիտիմ չի համարում ՏԻՄ ընտրությունները


«Էս ընտրությունները լեգիտիմ չեն և լեգալ չեն, որովհետև քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին հավասար հնարավորությունների չեն տրվել մասնակցել ընտրություններին: Էլ չեմ ասում սահմանափակումների մասին, կալանավորումների մասին», - «Ազատության» հետ զրույցում պնդեց ընդդիմադիր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ընտրություններից երկու ամիս առաջ իր երկու կուսակիցների հետ կալանավորվեց Սարի Թաղում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, ապա գրավի դիմաց ազատ արձակվեց:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արխիվ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արխիվ:

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, Մարտիրոսյանի խոսքով, կարևոր է, սակայն չկայացած, և դա բխում է իշխանությունների շահերից, քանի որ համայնքները ֆինանսապես լուրջ կախվածության մեջ են կենտրոնից․ - «Շատ հարազատ գյուղերից մեկում սահմանադրական փոփոխությունների ժամանակ դեմ են քվեարկում գյուղացիները: Մինչև դա գյուղում բնական աղետ է լինում՝ կարկուտ է լինում, և իշխանությունը ուղարկած է լինում շիֆերներ, որպեսզի այն տանիքները, որոնք ջարդվել են, փոխեն: Սահմանադրական հանրաքվեից հետո, երբ պարզվում է, որ այդ գյուղը դեմ է քվեարկել, այդ շիֆերները տանում են ուրիշ տեղ: Վե՛րջ, սա՛ է մեր ՏԻՄ-ը: Ուզում է ընդդիմադիր լինի գյուղապետը, ուզում է իշխանական լինի, սա՛ է: Կենտրոնական իշխանությունը ֆինանսավորում է, ծրագրեր է տալիս, կամ հակառակը՝ չի տալիս»:

Ավելին, նրա բնորոշմամբ՝ Հայաստանում ֆեոդալական բարքեր են, և էջմիածնում տեղի ունեցած միջադեպը դրա վառ վկայությունն է․ - «Նմանատիպ դեպքեր մենք շատ գիտենք, որ կոնկրետ վայրերում կոնկրետ անձինք են որոշում, թե ովքեր պետք է լինեն ՏԻՄ ղեկավարներ և ընտրությունները ովքեր են կոնկրետ կազմակերպում և կեղծում: Եվ ակնհայտ է, որ դա ևս թույլ չի տալիս ՏԻՄ համակարգին կայանալ»:

Այն, որ նախնական արդյունքներով, մետ երեք տասնյակ համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուները պարտվել են անկուսակցականների կամ ընդդիմադիրների թեկնածուներին, Մարտիրոսյանի կարծիքով, լուրջ փոփոխությունների մեկնարկ չի կարելի համարել․ - «Առանձին վերցրած մի գյուղում ինչ-որ մի դեպք ոչինչ չի տալու ընդհանուր համապատկերի մեջ, որովհետև հենց երեկվա ընտրությունները ընդհանուր համապատկերի մեջ ցույց տվեցին, որ նույնը կա: Խորհրդարանում էլ մի քանի ընդդիմադիր պատգամավոր կա, ի՞նչ է փոխվում: Ընդ որում, եթե տոկոսային առումով վերցնենք, մի քանի ընդդիմադիր պատգամավորի առկայությունը խորհրդարանում ավելի մեծ տոկոս է կազմում, քան Հայաստանի 900-ից ավելի համայնքների մեջ մեկ կամ երկու գյուղապետը»:

Մարտիրոսյանի խոսքով՝ շատ համայնքներում իշխող կուսակցությունը անկուսակցականներով է հանդես եկել․ - «Շատ համայնքներում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները որպես անկուսակցական են գրանցվել: Անհայտ է, որ «հանրապետական» բառակապակցությունը շատ է խանգարում իրենց: Պատահական չէ, որ Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ով մասնակցեցին, որ թե առանձին հանրապետականի ցուցակով: Դա աբսուրդ է»:

Ըստ փոխանցմամբ, ԲՀԿ-ում կարծում են, որ վստահությունը ընտրական գործընթացների հանդեպ հանրության մեջ չի բարձրացել:

«Դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալը, սակայն հասարակական վերաբերմունքը փոխել այս ընտրությունները չկարողացան», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ, պատգամավոր Միքայել Մելքումյանը, և շարունակեց․ - «Մի բան արձանագրում ենք, որ լայն առումով այս ընտրությունն էլ էնպես չբարձրացրեց ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Սա ակնհայտ է»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Միքայել Մելքումյանը, արխիվ։

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Միքայել Մելքումյանը, արխիվ։

ԲՀԿ-ն իր գրանցած արդյունքները կիրակի օրը կայացած ընտրություններում հանգրվանային հաղթանակ է համարում․ իրենց առաջադրած թեկնածուները հաղթել են 7 համայնքներից 6-ում, ավագանու 56 թեկնածուներից, ըստ նախնական տվյալների, 36-ը ընտրվել են․ - «Էնպես որ, մենք գտնում ենք, որ մեր կառույցները կուռ են, մենք կարողացանք տանել էդ հանգրվանային հաղթանակը, որը լուրջ ստուգատես էր հոկտեմբերի 2-ից առաջ, և հատկապես ապրիլյան ապագա խորհրդարանական ընտրություններից առաջ»:

Սահմանադրական հանրաքվեից ի վեր հնչող հավաստիացումները, թե ամեն ինչ արվելու է ընտրությունների հանդեպ վտսահությունը բարձրացնելու, ըստ առանգության փոխնախագահի չեն իրագործվում ինչպես եւ մյուս խոստումները :

Չնայած մոտ երեք տասնյակ համայնքներում կրած պարտությանը՝ իշխող Հանրապետականը, այնուամենայիվ, հաղթել է հարյուրից ավելի համայնքներում: Միքայել Մելքումյանի կարծիքով, ծանր տնտեսական վիճակի և համատարած դժգոհության պայմաններում իշխանության արձանագրած ցուցանիշն ավելի ցածր պետք է լիներ․ - «Ընդհանրապես եթե լիներ շատ թափանցիկ, շատ արդարին մոտ ընտրություններ, ավելի շատ տեղերում պետք է պարտվեին»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հայտնեցիեն, որ այժմ ընտրատեղամասներից դեռ տեղեկություններ են հավաքում, և անհրաժեշտութւան դեպքում իրենց գնահատականը կհանտնեն ավելի ուշ:

XS
SM
MD
LG