Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ևս 4 ակտիվիստներ դատապարտվել են երկամսյա կալանքի


Ադրբեջանի դատարանը այսօր երկամսյա կալանքի է դատապարտել Ալիևի սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող ևս 4 ակտիվիստի՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:

Ցուցարարները ձերբակալվել էին շաբաթ օրը Բաքվում կազմակերպված հանրահավաքից հետո, որն ուղեկցվել էր ոստիկանության ճնշումներով ու բռնություններով, մոտ քառասուն ցուցարար բերման էր ենթարկվել:

Արևմտյան հեղինակավոր կառույցները, այդ թվում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը, քննադատել են սահմանադրական հանրաքվեից մեկ շաբաթ առաջ իրականացվող այս ճնշումները:

«Երբ բռնապետական կառավարություններն ուզում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին, դա անում են շատ անաղմուկ կամ՝ ակնհայտ ու անամոթաբար: Այսօր Ադրբեջանում կիրառվում է այս երկու ձևն էլ», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի հարցով փոխտնօրեն Ռաքել Դենբերը՝ մանրամասնելով․ - «Ընդդիմության նախաձեռնած ցույցերից առաջ ոստիկանությունը այսպես կոչված զրույցների է հրավիրում տասնյակ ակտիվիստների՝ կոչ անելով նրանց փողոց դուրս չգալ: Մյուս կողմից, առաջատար հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան պնդում է, թե իր հաշվարկներով՝ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող առնվազն 27 ակտիվիստ ձերբակալված է»:

Նախորդ երկու օրերին փողոց դուրս եկած ընդդիմադիրները նույնպես հայտարարում էին, որ իրենց տասնյակ աջակիցներ ցույցերից առաջ ձերբակալվել կամ ճնշումների են ենթարկվել:

«Ալիևի վարչակազմը ձերբակալել է մեր կուսակցության 51 անդամի, որոնք պատրաստվում էին մասնակցել այս հանրահավաքին: Եվ սա իշխանությունները ներկայացնում են որպես արտոնված հանրահավաք, ազատ խոսքի ու կարծիքի արտահայտում», - հայտարարում էր ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին:

«Ալիևի իշխանությունը ցույց է տալիս, որ կոմունիստական իշխանության ժառանգորդն է, ոչ թե 1918-ին հիմնադրված անկախ Ադրբեջանի», - իր հերթին հայտարարել է ընդդիմադիր Ջամիլ Հասանլին՝ ընդգծելով․ - «23 տարվա կառավարման ընթացքում նրանք այդպես էլ որևէ խնդիր չլուծեցին՝ ամրապնդելով միայն իրենց ընտանեկան իշխանությունը: Մենք դեմ ենք Սահմանադրության այս փոփոխություններին, Ալիևը կարծում է, որ դրանք երաշխավորում են իր հանգստությունն ու ցմահ կառավարումը, սակայն, երկրի ճակատագիրը որոշվելու է ոչ թե նրանց գրասենյակներում, այլ հրապարակներում»:

Չնայած ոստիկանության շաբաթօրյա ճնշումներին՝ կիրակի ևս հազարավոր ցուցարարներ փողոց դուրս եկան, այս անգամ՝ «Մուսավաթ» կուսակցության հանրահավաքին:

«Իշխանությունը ի վիճակի չէ անգամ բացատրել իր քաղաքացիներին, թե որն է սահմանադրական այս փոփոխությունների անհրաժեշտությունը: Մինչև օրս որևէ մեկը որևէ պարզաբանում չի տվել, իշխանությունը կորցրել է իրավիճակն համարժեք գնահատելու կարողությունն ու կարծում են, թե այստեղ կարող են երկրորդ Հյուսիսային Կորեա ստեղծել ու նույն ոճով էլ կառավարել: Թույլ չենք տալու», - հայտարարում էր «Մուսավաթ»-ի ներկայացուցիչ Արիֆ Հաջիլին:

Ընդդիմադիր մեկ այլ շարժման առաջնորդ Ռուսլան Իզզատլին, դիմելով Ալիևի վարչակազմին, հիշեցնում էր Քադաֆիի ու Մուբարաքի ճակատագիրը․ - «Նրանք ևս միանձնյա բռնապետություն էին ստեղծել, ոստիկանական պետություն հիմնել՝ բարձր պաշտոնները վստահելով իրենց որդիներին, ու կարծում էին, թե երաշխավորված են: Պատմությունը, սակայն, հակառակն ապացուցեց»:

«Ընդդիմությունը բազմիս է առաջարկել իշխանություններին բարեփոխումներ անցկացնել նորմալ բանավեճի ու քննարկումների միջոցով: Ալիևը, սակայն, մերժել է, քանի որ բոլորովին այլ ծրագրեր ունի», - պնդում էր «Մուսավաթ»-ի հիմնադիր Իսա Ղամբարը: - «Ադրբեջանում ոչ թե պայքար է իշխանության, այլ սկզբունքների ու գաղափարների համար: Մի կողմում բռնապետությունն է, մյուս կողմում՝ նրանք, որ ձգտում են ժողովրդավարության ու արդարության: Ինչո՞ւ պետք է մի ընտանիք տիրապետի երկրի բոլոր բարիքներին, իսկ մյուսները լինեն դիտորդի դերում»:

Մինչ ընդիմադիրները պատրաստվում են հաջորդ երկուշաբթի կայանալիք հանրաքվեին, արևմտյան փորձագետները քննարկում են, թե որն է նավթի ու գազի հարուստ պաշարներ ունեցող այս երկրի ձախողման պատճառը և ինչ է հնարավոր անել:

«Միակ բանը, որ կարող է ազդել Ալիևի վրա, լուրջ ճնշումն է Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից», - գրել է այսօր «Ֆայնենշլ թայմս»-ը՝ ընդգծելով, թե անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը կամ Բրյուսելը, կամ երկուսը միասին հստակ և միանաշանակ ուղերձ հղեն Բաքվին՝ առանձին-առանձին կենտրոնանալով մարդու իրավունքների ոտնահարման ու կոռուպցիայի յուրաքանչյուր դեպքի վրա:

XS
SM
MD
LG