Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր պատասխանեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը․ ես իմ գործն եմ ուզում անել, ասում է դաշնակցական նախարարը:

«Շատ ավելի արդյունավետ է, եթե մենք մեր գործը անենք: Գնահատականը քաղաքական հարթության մեջ գնահատական է: Ես չեմ ուզում անդրադառնալ որևէ նման մոտեցումներին, որովհետև ինձ համար սկզբունքային նշանակություն ունի հետևյալ հարցը: Հանրապետական կուսակցությունը և «Դաշնակցությունը» ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որտեղ տնտեսական բաղադրիչը էական դեր է խաղում: Եվ ես որպես էկոնոմիկայի նախարար պատասխանատու եմ այդ բաղադրիչը կառավարության կաբինետի կազմում իրականացնել: Հետևաբար, ցանկացած գործողություն, որը մեր երկու կուսակցությունների, Հանրապետության նախագահի գնահատմամբ դուրս կլինի այդ համակարգից, կարող է նաև հնչել ինձ կոնկրետ ուղղված գնահատական», - ասաց Արծվիկ Մինասյան Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր գլխավորությամբ կառավարության առաջին նիստին կասկածի տակ էր դրել Էկոնոմիկայի նախարարի դաշնակցական պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի ներկայացրած տվյալները տնտեսվարողներին հարկային արտոնություն տալու համար անհրաժեշտ փաստաթղթավորման ժամկետների վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցում դաշնակցական Արմեն Ռուստամյանը հորդորել էր նորանշանակ վարչապետին՝ զերծ մնալ շոուներից։ Էկոնոմիկայի նախարարը չմեկնաբանեց՝ արդյո՞ք համաձայն է իր կուսակցի բնորոշմանը, պնդելով միայն, որ իր համար գլխավորը տնտեսության զարգացումն է:

Մինասյանն այսօր մասնակցում էր Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամներ կազմակերպության կողմից կազմակերպված «Made in Armenia-Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսին: Նախարարի բնորոշմամբ՝ սա էլ տնտեսության զորահանդեսն է:

Ցուցահանդեսին մասնակցում էին 300-ից ավելի հայկական ընկերություններ, հատկապես մեծ թիվ էին կազմում գինեգործները:

Արմավիրցի գինեգործ Զարուհի Մուրադյանն «Ազատության»-ը ասաց, որ իրենց ոլորտի զարգացման համար առկա է լավ միջավայր, այդուհանդերձ եվրոպական շուկայում հայկական գինին իր որակով և գնով դեռ մրցունակ չէ:

«Բոլոր նյութերը որոնք օգտագործում ենք հիմնականում ներկրում ենք դրսից, դրա համար ինքնարժեքը արհեստականորեն բարձրանում է», - ասաց Զարուհի Մուրադյանը:

Մաքրող միջոցների արտադրությամբ զբաղվող գործարար Արսեն Սողոմոնյանն էլ հույս ունի, որ նորանշանակ վարչապետը կսկսի ավելի շատ ուշադրություն դարձնել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը:

«Զարգացած երկրներում ՀՆԱ-ի մեծ մասը ստեղծվում է փոքր ու միջին ձեռնարկություններում, իսկ մեր երկրում էդպես չի», - ասաց գործարար Արսեն Սողոմոնյանը:

Շուրջ 20 տարի Հայաստանում աշխատող «Հալեպ» խանութների ցանցի տնօրենն էլ, որպես գործարարներին խոչընդոտող հիմնական խնդիր մատնանշեց հարկային դաշտում իրականացվող հաճախակի փոփոխությունները:

«Հազիվ համակերպվում ես մի օրենքի, որ դա անես, հետո մի ամիս է անցնում և դա պիտի անես», - նշեց գործարարը:

Վարդակների և օդափոխության պարագաների արտադրությամբ զբաղվող գործարար Զավեն Ավետիսյանն էլ ասում է, որ վերջին 3-4 տարիներին իրենց աշխատակազմը 30-ից հասել է 3 հոգու, կանգնած են փակվելու վտանգի առաջ, այնինչ՝ պետական աջակցության պարագայում իրենք ի վիճակի են շուկայում առաջատար թուրքական ապրանքներին չզիջող արտադրանք տալ:

«Թուրքիան իր բոլոր արտադրողներին թե՛ ֆինանսապես, թե՛ շուկայական ոլորտում օգնում է, ինչպես նաև Չինաստանը: Լավ կլիներ, որ Հայաստանը նույնպես որդեգրեր այդ քաղաքականությունը, որովհետև երկիրը պետք է լինի ոչ թե վաշխառու, այլ պետք է լինի արտադրող», - ասաց Զավեն Ավետիսյանը:

Ցուցահանդեսին առանձին տաղավար էր հատկացված Ղարաբաղի գործարարներին, մեծ թիվ էին կազմում նաև տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները: Հայկական արտադրությանը նվիրված ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 22-ը:

XS
SM
MD
LG