Մատչելիության հղումներ

Աղավանաձորցիները, որ արդեն երկու օր է՝ փակ էին պահում գյուղի դպրոցը, մանկապարտեզն ու գյուղապետարանը, այսօր նաև միջպետական ճանապարհն են փակել՝ պահանջելով վճարել դեռ նախորդ տարի մթերված խաղողի գումարը։ Ասում էին գյուղի պատմություն մեջ այնպես չէր եղել, որ կանայք բողոքի դուրս գային, հիմա արդեն նրանք են ճանապարհ փակում։ Կարճ ժամանակ անց ոստիկանների միջամտությամբ ճանապարհը բացվել է, մարզպետն էլ խոստացել է, թե կառավարության առաջիկա նիստում հարցը բարձրացվելու է։

Աղավնաձորցիները նոր կառավարության հետ մեծ հույսեր չեն կապում։

«Պետք է նոր կառավարությունը դզվի, տեսնենք, ով ամեր նախարարը, դրանից հետո էդ հարցը լուծենք: Նրանից հետո էլ ընտրություններ, բան, ու տենց շարունակական գնում ա: Արանքին մենք ենք տուժում», - ասաց աղավնաձորցիներից մեկը:

«Հազար տեսակ խորհրդակցություններ են անցկացնում, ֆուրշետներ են կազմակերպում, երկու ֆուրշետի փողը տային, էս ժողովրդի հարցը կլուծվեր», - ասաց մեկ այլ գյուղացի:

Պարբերաբար բողոքի ակցիաներ անցկացնող գյուղացիները դժգոհում են՝ ամեն ամիս նոր վերջնաժամկետ է հնչում։ Աղավնաձորցիներից Սմբատ Ղազարյանը բողոքեց՝ վարկի տոկոսներն օր օրի աճում են, իսկ Գյուղատնտեսության նախարարությունը միայն խնդիրը ծագելուց մի տարի անց է վարկերը սառեցնելու մասին խոսում։

«Մի ամբողջ տարի խնդրեցինք, ասեցինք, սասռեցրեք․․․ Ես կոնկրետ էսօր 110 հազար դրամ մուծում եմ անում բանկում, լինում է խաղողիս ընդհանուր գումարը՝ 1 միլիոն 220 հազար դրամ: Թող որոշում կայացնի ասի աղավնաձորցիների գումարը չենք տալիս», - ասաց Ղազարյանը:

Ֆինանսական խնդիրներ ունեցող «Վեդի Ալկո»-ն կառավարությունից է աջակցություն ակնկալում։ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ պնդում է՝ կառավարությունը պատրաստ է ընկերությանը մատչելի վարկեր տրամադրել, պարզապես «Վեդի Ալկո»-ն գրավ չունի։ Պաշտոնական տվյալներով ընկերությունը խաղողագործներին 140 միլիոն դրամից ավելի գումար է պարտք։

«Խնդիրը իհարկե հասկանում ենք, որ կա, բայց պետք է գտնել մի մեխանիզմ, որ հնարավոր լինի էդ խնդիրը լուծել: Ուղղակի մեխանիզմները, կամ ուղիները քիչ են ու էս պայմաններում, որովհետևգրավի բացակայություն և այլ վարկերով ծանրաբեռնվածության խնդիրը կա», - ասաց Մակարյանը:

Գյուղացիներն ասում են՝ շատերը սկսել են խաղողի այգիները քանդել, քանի որ վստահ չեն, որ այս տարի կարողանալու են բերքն իրացնել։ Աղավնաձորը, սակայն, արենի տեսակի խաղողի ծննդավայրն է։ Խաղողը նաև գյուղի 2000 բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն է։

«Ճիշտ ա, քանդել են որոշ մարդիկ, բայց դա սխալ է: Մենք պիտի հենվենք մեր խաղողի, մեր արենի տեսակի վրա: Եթե ամբողջ Հայաստանում միայն մեզ մոտ ա էդ խաղողի տեսակն աճում, որ մենք էլ անտեսենք, Կարմիր գրքում գրե՞նք էդ խաղողի տեսակը», - նշեց Հայկազ Ասատրյանը:

Գյուղացիներն ասում են, որ դպրոցը, մանկապարտեզն ու գյուղապետարանը շարունակելու են փակ պահել։ Կառավարության նիստի օրն էլ կրկին փորձելու են դեպի Իրան տանող միջպետական ճանապարհը փակել։

XS
SM
MD
LG