Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ամփոփում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները


Երեկ 317 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հիմնականում հաղթանակ են տարել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Հանրապետականի գերագույն մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ թեկնածու ունեին 237 համայնքներում, որոնցից 161-ում իրենց ներկայացուցիչներն են ընտրվել:

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, երեկ կայացած քվեարկության արդյունքում Էջմիածնում վերընտրվել է գործող քաղաքապետ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Իսկ ոստիկանության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը պարտվել է իր հայրենի՝ Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում։ Նախնական տվյալներով, այս գյուղում պարտություն է կրել նաև գործող գյուղապետ, Հանրապետականի ներկայացուցիչ Երվանդ Խաչատրյանը։ Ծաղկահովիտում համայնքի ղեկավար ընտրվել է անկուսակցական Նորայր Հակոբյանը։

Իշխող կուսակցությունը նախնական տվյալներով չի հաղթել նաև Նոյեմբերյան քաղաքում: Այստեղ գործող հանրապետական քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը 233 ձայնով պարտվել է անկուսակցական Կարեն Աբազյանին։

Նախնական տվյալներով, ընդդիմությունից հաղթանակ է տարել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում իշխող Հանրապետականի թեկնածուին՝ համայնքի 17 տարվա գյուղապետ Մայիս Աբրահամյանին հաղթել է ՔՊ-ի 29-ամյա ներկայացուցիչ Գարիկ Սարգսյանը։

«Այս տարի ես վերդարձա Մոսկվայից ապրիլ ամսին, եկա մասնակցելու Հրազդանի քաղքապետի ընտրություններին, աջակցելու մեր Սասուն Միքայելյանին: Եղել եմ ընտրատեղամասում, պահել եմ ընտրողների քվեն, իսկ դրանից հետո լծվել եմ արդեն Նոր Կյանքում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին», - ասաց Գարիկ Սարգսյանը:

«Ազատության» հետ զրույցում երիտասարդն ասաց, որ փորձելու են փոփոխություններ իրականացնել անցած տարիների ընթացքում խնդիրների տակ ծանրաբեռնված գյուղում։ Սարգսյանը, որի ապրուստի հիմնական միջոցը մինչ այս արտագնա աշխատանքն էր, ինչպես համագյուղացիներից շատերինը, ասում է՝ խոստացած փոփոխությունները կփորձի կյանքի կոչել ոչ միայն տեղական բյուջեի, այլ ներդրումների հաշվին։

Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քվեարկության արդյունքները դեռևս ամփոփված չեն, հետևաբար չեն կարող ասել, թե որ կուսակցությունը քանի համայնքում է հաղթանակ տարել։

Հարությունյանը նշեց, որ այս պահի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ մի քանի բողոք են ստացել դիտորդական կազմակերպություններից: Քվեարկությունը չեղյալ համարելու վերաբերյալ դիմումների վերջնաժամկետն այսօր մինչև աշխատանքային օրվա ավարտն էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման պահանջով դիմում չի ստացել։

Դիտորդական կազմակերպությունները դեռ երեկվանից են ահազանգում ընտրախախտումների մասին։ Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 134 խախտում է գրանցել, ամենաշատն՝ Աշտարակ քաղաքում, ամենաքիչը՝ Տավուշի մարզում։ Լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Տիգրան Եգորյանն ասաց, որ մի քանի տասնյակ բողոք են ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Բողոքների թիվը ակնկալում ենք, որ մոտավորապես 90-ի տիրույթում կլինի, մոտ 57 տեղամասից: Շարունակական խախտումներ են, որոնք ունակ են, ըստ մեր մասնագիտական կարծիքի, ազդել քվեարկության արդյունքների վրա», - ասաց Եգորյանը:

Այլ անձի փոխարեն քվեարկություն, չկնքված քվեաթերթիկներ, սանձարձակ վերաբերմունք դիտորդների նկատմամբ, ոկւտակումներ ընտրատեղամասերի շուրջ։ Բացի այդ, Եգորյանի խոսքով, արձանագրել են դեպքեր, երբ քաղաքացիներին, ովքեր գալով տեղամաս հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է, ընտրական հանձնաժողովների անդամները առաջարկել են ստորագրել մեկ այլ քաղաքացու անվան դիմաց։

«Հատկապես աչքի ընկան չափազանց մեծ թվով խախտումների և շատ լայն խախտումների սպեկտրով: Սա իհարկե ունի մի քանի պատճառ, որոնցից միգուցե կարելի է առանձնացնել ամենաէականը, իմ կարծիքով: Սա վկայում է էն մասին, որ տեղական նշանակության այս ընտրությունները, փաստորեն, միայն տեղական նշանակության չեն ընկալվում իշխանության ներկայացուցիչների համար», - ասաց Տիգրան Եգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG