Մատչելիության հղումներ

Ֆարմանյան. «Մեր տնտեսությունը նոր շունչ ստանալու անհրաժեշտություն ունի»


«Ես հեռու եմ այդ մտքից, որ ցանկացած գնահատականի հետևում պետք է պարտադիր փնտրել քաղաքական մոտիվացիաներ, կամ նպատակադրումներ», - երեկ «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Հիշեցնենք, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Թե մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին բոլորին ուզում եմ հայտարարել, նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալիս, թե տնտեսությունը, որ ուղղությամբ է զարգանալու», - ասել էր վարաչպետը՝ նշելով, որ կախարդական փայտիկ չունեն։

Ըստ Ֆարմանյանի, նման գնահատականները պարտադիր չէ թարգմանել, կամ մեկնաբանել, որպես բացասական գնահատական նախկին կառավարությանը, կամ իշխող քաղաքական ուժին։

«Կա ռեալ իրականություն և վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե ինձ համար, իմ ականջների համար կրկնեց այն, ինչ մեր տասնյակ հարյուրավոր գործարարներ տարբեր առիթներով, հրապարակայնորեն կամ ոչ հրապարակայնորեն, արտահայտում են։ Եվ ես հակված եմ հավատալու այդ գնահատականներին, և երբ մենք խոսում ենք նման գնահատականների մասին, դա պարտադիր չպետք է թարգմանել, կամ մեկնաբանել, որպես բացասական գնահատական նախկին կառավարությանը, կամ իշխող քաղաքական ուժին։ Ի վերջո, մենք չենք կարող առաջ շարժվել, ինչպիսին էլ լինի քաղաքական նպատակահարմարությունն, ինձ կամ մյուսին դուր գա, կամ չգա, եթե մենք ճիշտ չախտորոշենք տնտեսության ներկայիս վիճակը», - ասաց Ֆարմանյանը։

Դիտարկմանը, թե նախորդ վարչապետն իր ելույթներում ասել է, որ տնտեսական աճը 3-ից 4 տոկոս է կազմում, ներդրումներ են բերել Հայաստան, Ֆարմանյանն այսպես արձագանքեց. - «Թույլ տվեք, պարոն Թամրազյան, դա թողնել մասնագետների, տնտեսագետների և մեր գործարար համայնքի գնահատականներին»։

Ճշտող հարցին, թե այդուամենայնիվ այդտեղ հակասություն, սխալ կա՞, Ֆարմանյանը պատասխանեց. - «Ինձ հետաքրքրում է ոչ թե այդ հակասությունները հնարավոր, ոչ թե տարբեր գնահատականները, այլ ավելի պարզ խնդիր, որ մեր երկրի տնտեսությունը առաջ գնալու, նոր շունչ ստանալու անհրաժեշտություն ունի, որովհետև, եթե այդքան թվով փոքր և միջին ձեռնարկություններ են փակվում, եթե հարկային, մաքսային վարչարարության որակների հանդեպ գործարար աշխարհում դժգոհությունները շարունակում են մնալ նույնը, նշանակում է՝ այդ ուղղությամբ անելիքներ կան, և իշխող քաղաքական ուժ լինել, չի նշանակում, ինչպես ասում են, ձեռքերը փռել ամեն ինչի վրա և ամեն ինչ սպիտակ ներկայացնել, այլ հակառակը՝ այսօր կա երկրում ստեղծված վիճակ. քաղաքացիները, մարդիկ, հասարակությունը արմատական փոփոխություններ են ակնկալում։ Իշխող մեծամասնությունն ունի երկու ճանապարհ՝ կամ ընդառաջ գնալ այդ ցանկություններին և կյանքի կոչել այդ փոփոխությունները՝ դրանից բխող հետևանքներով, կամ՝ չգնալ։ Մեր պետության ազգային շահերից բխում է ընդառաջ գնալը, և այս տեղի ունեցող փոփոխությունները տեսնում եմ այդ ցանկության դրսևորման որպես արդյունք», - ասած Ֆարմանյանը՝ շարունակելով. -«Տա Աստված, որ նոր կառավարությունը հաջողություններ արձանագրի։ Հեշտ է լինելո՞ւ, բացարձակ հեշտ չի լինելու, բայց դա դեռ չի նշանակում, որ չպետք է փորձել»։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 18-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG