Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով, «Եդինայա Ռոսիա»-ն առաջատարն է Ռուսաստանի խորհրդարանի ընտրություններում


Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը` «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում, 18-ը սեպտեմբերի, 2016թ.
Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը` «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում, 18-ը սեպտեմբերի, 2016թ.

Ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, իշխող «Եդինայա Ռոսիա»-ն երկրի նոր՝ յոթերորդ խորհրդարանում ստանում է սահմանադրական մեծամասնություն: Կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 54.5 տոկոսը։

Ընդ որում կեսգիշերին, երբ հրապարակվում էին առաջին նախնական տվյալները, իշխող կուսակցությունը, կամ ինչպես Ռուսաստանում էին ասում ընտրարշավի ժամանակ, Պուտինի կուսակցությունը, 44 տոկոս էր ստացել։

Ըստ նախնական տվյալների, Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի ղեկավարած «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն։

Լիբերալ-դեմոկրատական և Կոմունիստական կուսակցությունները գրեթե ձայների նույն տոկոսն են հավաքել, յուրաքանչյուրը՝ 13-14 տոկոս, իսկ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն ստացել է 6 տոկոսից քիչ ավելի ձայն։

Այս տարի ընտրություններն անցել են մեծամասնական և համամասնական ցուցակներով։ «Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է երկու ցուցակներով էլ: Ընդ որում, իշխող քաղաքական ուժը ավելացրել է իր ներկայությունը Պետդումայում. եթե 2011 թվականի ընտրություններին «Եդինայա Ռոսիան»-ն ստացել էր 49 տոկոս, ապա այս անգամ ստանում է արդեն 54 տոկոսից ավելի ձայն։

Գրիգորի Յավլինսկու «Յաբլոկո» կուսակցությունը հավաքել է մոտ 2 տոկոս, Միխայիլ Կայսանովի «Պառնաս»-ը՝ 1 տոկոսից պակաս։

Կասյանովն այսօր արդեն հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները, որ դրանք անցել են խախտումներով և «ցույց տվեցին, որ սահմանադրական ճանապարհով Ռուսաստանում հնարավոր չէ որևէ բան փոխել»:

Ռուսաստանի երկու ընդդիմադիր լիբերալ կուսակցությունների առաջնորդները Դաշնային հեռուստաընկերությունների եթերից ընտրարշավի շրջանակներում Պուտինին քննադատելու հնարավորություն էին ստացել, սակայն դա չի օգնել հաղթահարել 5-տոկոսանոց շեմը․ ո՛չ «Յաբլոկո»-ն, ո՛չ էլ «Պառնաս»-ը չեն ստացել քվեների անգամ 3 տոկոսը, ինչը թույլ կտար նրանց ստանալ պետական ֆինանսավորում:

Ռուսաստանցիների, այսպես ասած, լիբերալ հատվածը դեռ ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում գրում էր, որ ընտրություններին չի մասնակցելու, քանի որ չի հավատում, որ ինչ-որ բան երկրում կարող է փոխվել։

Եղել են խախտումների մասին ահազանգեր, համացանցում կան բազմաթիվ տեսահոլովակներ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ ղեկավար Էլլա Պամֆիլովան դրանք լուրջ չի համարել։ Ընտրությունները չեղյալ են ճանաչվել ընդամենը մեկ ընտրատեղամասում (Նիժնի Նովգորոդում), որտեղ հանձնաժողովների անդամներից մեկը տրցակով քվեաթերթիկներ էր գցել քվեատուփի մեջ:

Նշենք, որ երեկ երեկոյան, երբ արդեն հրապարակվել էին ընտրությունների առաջին նախնական տվյալները, Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակ էին այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարն է, և հայտարարել էին, որ «Եդինայա Ռոսիա»-ն հաղթում է։

«Մեքն գիտենք, որ մարդիկ հեշտ չեն ապրում: Հարցերը շատ են, շատ են նաև չլուծված խնդիրները: Այդուամենայնիվ ունենք այսպիսի արդյունք՝ մենք հաղթել ենք», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG