Մատչելիության հղումներ

«Լուսավոր Հայաստան»-ի անդամների պնդմամբ, Ջրառատի ընտրատեղամասում կուտակումներ են եղել


«էստեղ կանգնելու իրավունք չունեք», - «Ազատության» այս դիտարկմանը Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի որդու ընկերն արձագանքեց․ - «Ո՞վ ասաց, որ 50 մետր է այսքան տարածքը»: Դրանից հետո նրան մոտեցավ հանձնաժողովի անդամներից մեկն ու խնդրեց հեռանալ տարածքից՝ ասելով, որ կուտակումներն այստեղ արգելված են։

Արմավիրի Ջրառատ գյուղում գյուղապետի և ավագանու քվեարկության ողջ ընթացքում թե ոստիկաններին, թե հանձնաժողովների անդամներին այդպես էլ չհաջողվեց վերջ դնել կուտակումներին։ «Ազատության» տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես Ջրառատի բնակիչ, Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի որդին՝ Խաչիկ Երանոսյանն ընկերների հետ միասին շրջում էր 2 ընտրատեղամասերում և միայն նկարահանումից հետո որոշեց հեռանալ տարածքից։

Ջրառատում գյուղապետի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանում է իշխող Հանրապետականի անդամ, գործող գյուղապետ Սամվել Գալստյանի, ով ի դեպ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է, և «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Արամ Ղուկասյանի միջև:

Վաղ առավոտից «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները տեղամասերում շրջելով ահազանգում էին կուտակումների մասին։ «Լուսավոր Հայաստան»-իներկայացուցիչ Մանե Թանդիլյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրատեղամասի տարածքում մինչև 50 մետր շառավղով կուտակումներն արգելվում են։

«Այստեղ հարցը գյուղացիներն են, մարդիկ են, որ գնում են ընտրության և համատարած սարսափի տակ նրանք պատրաստվում են այս ճանապարհով նաև գնալ ընտրության: Սա է խնդիրը իրականում, և ահուսարսափը, որ տարածվում է, մարդկանց ընտրության վրա ոքանով է ազդում։ Թե չէ մեր թեկնածուի վրա չեն կարող ազդել», - նշեց Թանդիլյանը՝ հավելելով․ - «Մենք գիտենք, թե ինչ պատմությունների մեջ են ներգրավված այդ մարդիկ, իր ընտանիքը, եղբայրը, գիտենք Սարի թաղի պատմությունները, դա չի կարող չազդել մարդկանց վրա»։

«Լուսավոր Հայաստանը»-ի անդամը նաև այլ ընտրախախտման մասին է խոսում՝ տեղամասերից մեկում երկու դատարկ ծրար են հայտնաբերել, ինչը իրենց հիմք է տալիս կասկածելու, որ դա «կառուսելի» նշան է:

«Դատարկ ծրարները, ինչպես բոլորին է հայտնի, հենց այդ հայտնի կարուսելի սկիզբն են դնում, որոնց միջոցով էլ դա տեղի է ունենում», - ասաց Մանե Թանդիլյանը:

20/01 ընտրատեղամասի նախագահ Սողոմոն Սարգսյանը նման ընտրախախտումը որակեց տեխնիկական՝ հավաստիացնելով, թե դա կապ չունի կարուսելի հետ․ - «Առգրավել, դրել ենք որտեղ որ անհրաժեշտ է։ Եղել է երկու ծրար, ուղղակի զուտ տեխնիկական թյուրիմացություն է եղել: Կպած են եղել, հետո վերցրել ենք, արձանագրել և դրել այնտեղ»։

Մյուս տեղամասում էլ աղմուկ-աղաղակ բարձրացավ, երբ հանձնաժողովի անդամներից մեկը պարզեց, որ քվեարկության եկած կնոջ անվան դիմաց արդեն ստորագրված է։ Պարզվեց՝ նրա սկեսուրն է ավելի վաղ եկել ու քվեարկել։ Հանձնաժողովի նախագահ Հայկ Մինասյանը տեխնիկական բնույթի է որակում կատարվածը․ - «Աառանձնապես նենց բան չկար, սաղ նորմալ, իրա հունով գնում ա, տեսնում եք»։

«Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Արման Ղուկասյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Ջրառատում նախորդ տարիների համեմատ լարվածությունը փոքր-ինչ պակասել է, բայց փոխոստիկանապետ Երանոսյանի ազդեցությունը ընտրողների վրա զգացվում է։

«Նայած՝ ում մոտ: Մարդ կա՝ վախենում ա, մարդ կա՝ չի վախենում, մարդ կա՝ հարգում ա, մարդ կա՝ չի հարգում: Այս անգամ վախի գործոնն այդքան մեծ չի», - ասաց Ղուկասյանը:

Ջրառատ այցելած «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն «Ազատության» հետ զրույցում ևս խոսեց ջրառատցիների վրա փոխոստիկանապետ Երանոսյանի ազդեցության և գյուղում այս օրերին տիրող լարված մթնոլորտի մասին։

«Ես ինքս այս գյուղից չեմ, չեմ կարող ասել, թե ինչ ազդեցություն ունի, բայց ասում են, որ շատ, շատ մեծ է ազդեցությունը, և նաև այն մեքենաները, որ շրջում են գյուղում, ասում են, որ նրա կողմից ուղարկված են կամ նրա բարեկամներն ու հարազատներն են: Բնականաբար, իրենց գյուղն է, իրենց տարածքն է, բնականաբար, չի կարող այդ ազդեցությունը չլինել, դրան գումարած նաև երկար տարիներ տեղական մակարդակում իրենց ունեցած իշխանությունը», - ասաց Մարուքյանը։

«Ազատության» հետ զրույցում ԱԺ պատգամավորը նշեց, որ ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգան, որտեղ էլ կնշեն բոլոր այն ընտրախախտումները, որոնք արձանագրել են ողջ օրվա ընթացքում։ Պատգամավորը նշեց, որ «կարուսելի» մասին իրենց կասկածները պարզ կդառնան քվեաթերթիկները հաշվելու ընթացքում։

Ջրառատի գործող գյուղապետ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդի Սամվել Գալստյանը ողջ օրվա ընթացքում անհասանելի մնաց։

XS
SM
MD
LG