Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Ադրբեջանում. ընդդիմությունը պահանջում է Ալիևից չփոխել Սահմանադրությունը


Ադրբեջանական ընդդիմությունը` սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ, շարունակում է բողոքի ակցիաներ անցկացնել` Իլհամ Ալիևից պահանջելով հրաժարվել սահմանադրությունը փոխելու մտադրությունից:

Շաբաթ օրն ադրբեջանական ընդդիմության մի մասին միավորող Ազգային խորհուրդը հանրահավաք անցկացրեց Բաքվի արվարձաններից մեկում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտում: Դա միակ վայրն է, որտեղ քաղաքային իշխանությունները թույլատրել էին ընդդիմության կողմնակիցներին հավաքվել՝ իրենց բողոքը հայտնելու համար:

Բողոքի ակցիայի ավարտին, սակայն, իրադրությունը մարզադաշտում կտրուկ կերպով սրվեց: Ոստիկանության աշխատակիցները սկսեցին ձերբակալել հանրահավաքի մասնակիցներին, ինչն էլ բախումների հանգեցրեց ցուցարարների և ոստիկանության միջև:

Բողոքի ակցիայի անցկացման վայրից ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 30 ընդդիմադիրների, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ համագործակցող երկու լրագրողի:

Չնայած դրան երեկ արդեն փողոց դուրս եկան ադրբեջանական ընդդիմության մեկ այլ թևի` «Մուսավաթ» կուսակցության, կողմնակիցները: Դիմելով «Մեհսուլ» մարզադաշտում հավաքված մոտ երկու հազար կողմնակիցներին`«Մուսավաթի» հիմնադիր Իսա Ղամբարը նշում էր. - «Այսօր Ադրբեջանում տիրող սոցիալական ծանր վիճակը, գործազրկության աճը, մարդկանց հիմնարար իրավունքների խախտումներն ու ոտնահարումները` Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմի կառավարման օրինաչափ հետևանքներն են: Այս խնդիրները լուծելու փոխարեն Իլհամ Ալիևը զբաղված է կառավարման ընտանեկան ձևի ամրապնդմամբ: Ինչո՞ւ պետք է մի ընտանիք տիրապետի երկրի բոլոր բարիքներին, իսկ մյուսները լինեն դիտորդի դերում», - հայտարարում էր ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը:

Իլհամ Ալիևի կողմից ամռանը շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթի համաձայն, նախագահի լիազորությունների ժամկետն Ադրբեջանում հինգ տարուց երկարաձգվում է`հասնելով յոթի: Բացի այդ, ներկայացված նախագծով, նվազեցվում է նախագահի թեկնածուի տարիքային շեմը, սահմանվում են առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոնները, որոնք ոչ թե ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ, այլ նշանակվում են գործող նախագահի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG