Մատչելիության հղումներ

Ընտրությունները չավարտված՝ մասիսցիները շնորհավորում էին քաղաքապետի միակ թեկնածուին


Մասիսում քաղաքապետի ընտրությունները դեռ չավարտված միակ թեկնածու Դավիթ Համբարձումյանին քաղաքացիները շնորհավորում էին։ Թեկնածուն էլ հորդորում էր իրեն ուշ երեկոյան շնորհավորել։ Թեև քաղաքապետի մեկ թեկնածու է մասնակցում ընտրություններին, բայց որոշ տեղամասերում Ընտրական օրենսգրքի խախտումներ նկատվեցին։

Տեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները վիճում էին՝ չկողմնորոշվելով, թե օգնության կարիք ունեցող ընտրողին ով պետք է օգնի՝ հարազատները, թե կողմնակի անձինք։ Հանձնաժողովի անդամ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի և հանձնաժողովի նախագահի միջև վեճ ծագեց։

Մասիսում ի սկզբանե առաջադրվել էր երեք թեկնածու։ Նրանցից երկուսը՝ Լևոն Խաչատրյանը և Կարո Օհանյանն ինքնաբացարկ են ներկայացրել։ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջադրած թեկնածու Կարո Օհանյանի ինքնաբացարկից հետո կուսակցությունը հայտարարել էր, որ նրան վախեցրել, կամ հետագայի համար պաշտոն են խոստացել։

Դավիթ Համբարձումյանը այդ ամենը որակեց հերյուրանքներ։

«Պաշտոնների մասին կխոսենք ընտրություններից հետո։ Ես չեմ լսել, որ Բարգավաճի թեկնածուն այդպիսի հայտարարություն է արել», - ասաց Համբարձումյանը:

Առավել լարված իրավիճակ էր մարզի Կանաչ գյուղում։ Պաշտոնի համար երկու թեկնածուներ են առաջադրվել՝ արդեն 22 տարի համայնքը ղեկավարող, հանրապետական Լյովա Ասատրյանը և անկուսակցական Նարինե Քարամյանը:

Առավոտյան ընտրատեղամասում քաշքշուկ է եղել երկու կողմերի աջակիցների միջև: Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Նարինե Քարամյանի ամուսինը, ով նաև հանձնաժողովի անդամ է, գործող գյուղապետի վստահված անձինք հարձակվել են ընտրատեղամաս մտած Քարամյանի աջակցի վրա: Միայն ոստիկանության միջամտությունից հետո է հնարավոր եղել հարթել միջադեպը:

«Իր վստահված անձինք հարձակվեցին մեզ վրա։ Դեբոշ սարքեցին, ոստիկանությունն անմիջապես միջամտեց և հանդարտեցրեց։ Երևի զգացին, որ ինչ-որ բան էն չի։ Պլանավորված տակտիկա են օգտագործել։ Երեկ գիշերվանից մեքենաներով մեր տան շուրջն էին պտտվում», - ասաց Սուրիկ Քարամյանը։

Նարինե Քարամյանն հավելեց․ - «22 տարի միապետության նման նստել ու վայելել է գյուղը, ինչպես որ կարողացել է։ Իրեն շատ անշնորհք է պահում, դրա համար վախի մթնոլորտ կա գյուղում։

Նույն միջադեպի մասին, սակայն, հանրապետական թեկնածու Լյովա Ասատրյանը այլ բան հայտնեց՝ հերքելով, թե քաշքշուկ հրահրողներն իր վստահված անձինք են եղել:

«Տենց բան չի կարող լինել։ Իմ վստահված անձինք հաստատ չէին անի։ Մյուս կողմի տղան մարդիկ էր բերել, ջիպերով բանով, որ մեզ վախեցնեին, էն էլ չվախեցանք, թողեցին ու գնացին», - ասաց նա:

Ընտրատեղամասի նախագահը ևս նկատեց՝ տեղամասում մթնոլորտը լարված է․ - «Լարվածություն առաջացավ վստահված անձանց կողմից։ Գործող նախագահի վստահված անձիք էին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG