Մատչելիության հղումներ

Գյումրիի ընտրությունների քարոզարշավում բոլոր կուսակցությունները չէ, որ ակտիվ են


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմիների (ՏԻՄ) ընտրությունների նախաշեմին բացված երեք կուսակցություններից ակտիվ քարոզարշավ անցկացնում է ԳԱԼԱ կուսակցությունը: Հանդիպումներն ընտրողների հետ թաղերում են, առաջնահերթ այցելում են այն թաղամասեր, որտեղից հրավերներ են ստանում:

Նորաստեղծ կուսակցության անդամների հերթական հանդիպումը շուկայում՝ առևտրով զբաղվողների հետ էր:

«Քվեարկե՛ք հանուն անկախ ու արժանապատիվ Գյումրիի, որպեսզի մեզ համար ստեղծեն արժանապատիվ կյանք, մեզ համար ապահովեն աշխատատեղեր: Այստեղ բոլորդ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ եք, սակայն միակ բանը, որ կարողանում եք, ձեր առօրյա հացը վաստակելն է: Մենք այսուհետ թույլ չենք տալու, որպեսզի գողանան մեր քվեն», - հայտարարում էր բանախոսներից մեկը:

«Գյումրեցու ոգի» կուսակցությունը թեև քաղաքի տարբեր հատվածներում ունի փակցված պաստառներ, նաև՝ մի քանի նախընտրական շտաբ, սակայն ընտրողների հետ հանդիպումներ դեռ չի անցկացնում՝ տեսանյութերի, հոլովակների միջոցով ընտրողներին ներկայացնում է իր ծրագրերը:

Ամենապասիվը նորաստեղծ կուսակցություններից «Գործարար»-ն է: Երկար փնտրտուքից հետո քաղաքի ծայրամասային թաղամասում մի շինությունում պատահաբար նկատեցինք «Գործարար» կուսակցության գրասենյակը, սակայն պարզվեց՝ գրասենյակի դուռը փակ էր:

Ընտրողների հետ հանդիպումներ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց սկսեցին «Հայ ազգային կոնգրես», «Հայկական վերածնունդ», «Համախմբում» կուսակցությունները:

«Համախմբում» կուսակցության նախընտրական շտաբի պետ Անդրանիկ Թևանյանը «Ազատության» հարցին, թե հանդիպումների ի՞նչ ձևաչափ է ընտրել կուսակցությունը, պատասխանեց․ - «Ավելի շատ անմիջական շփումներ կլինեն, դահլիճային հանդիպումներ էլ կլինեն, և մենք նախատեսում ենք սեպտեմբերի 23-ին երեկոյան ժամը 6-ին Թատերական հրապարակում համապետական հանրահավաք»:

Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել բուկլետներ բաժանող՝ «Համախմբում» կուսակցության վերնաշապիկներով երիտասարդների:

Բուկլետներ շարունակում է բաժանել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ կիրակի օրը Թատերական հրապարակում հանրահավաք կանցկացնի:

«Ալյանս» կուսակցությունը առաջիկայում կսկսի ընտրողների հետ լայնաֆորմատ հանդիպումներ, սակայն չի հստակեցնում, թե կոնկրետ երբ:

Նախընտրական առաջին հանդիպումը անցկացրեց Գյումրիի գործող քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպեց:

Առաջիկա օրերին Բալասանյանը Չինաստան է մեկնելու՝ մասնակցելու տնտեսական ֆորումի և Գյումրիի հետ քույր քաղաքների հուշագիր ստորագրած Սիան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է ստանալու: Նա Չինաստանի հետ համագործակցությունը տեսնում է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․ - «Շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այս ուղղությունը Չինաստանի հետ զարգացնել: Բավականին զարգացած է Չինաստանում այս ուղղությունը, և ես կուզենայի, որպեսզի այն, ինչ այսօրվա դրությամբ ունենք ստորագրած, այդ ստորագրված հուշագիրը կարողանանք կյանքի կոչել»:

Ընտրողների հետ հանդիպումների հարցում առավել ակտիվ են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները: ԲՀԿ-ի ցուցակի եռյակը, որը գլխավորում է Վարդևան Գրիգորյանը, արդեն 14 հանդիպում է անցկացրել տարբեր թաղերի բնակիչների հետ: Թաղերում բացօթյա հանդիպումների ընթացքում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն քաղաքի խնդիրներից է խոսում, աշխատատեղերի ստեղծման իրենց ծրագիրը ներկայացնում:

«Քանի որ մարզը գյուղատնտեսական զարգացման միտում ունի, մենք մեր ծրագրում նախատեսել ենք նաև գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրություններ ստեղծել՝ դա կաշվի վերամշակում է, դա բրդի վերամշակում է, որը հնարավորություն կտա հետագայում գորգագործության վերականգնման, որովհետև Գյումրին նաև միշտ հպարտացել է իր գորգագործությամբ», - ասում է Գրիգորյանը:

Դաշնակցության եռյակը հանդիպումներն անցկացնում է հիմնականում կրթության, մշակույթի ու առողջապահության ոլորտների ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ այցելեցին նաև քաղաքի տնակային ավաններից մեկը, տնակներում բնակվողների ապրելակերպին ծանոթացան:

Հանդիպումը բուժաշխատողների հետ ավելի անկեղծ մթնոլորտում է անցնում, խոստովանում է Դաշնակցության՝ քաղաքապետի բժիշկ թեկնածուն: Աշոտ Կուրղինյանը խոսեց այն մասին, թե ինչպես է հնարավոր համայնքի բյուջեի տնտեսման հաշվին, օրինակ, պոլիկլինիկա վերազինել նույն համայնքի բնակչությանը սպասարկելու համար․ - «Մի անգամ քաղաքապետարանը իր բյուջեով չի՞ կարող մի հատ սոնոգրաֆիկ մի հատ պոլիկլինիկայի նվիրի: Ես ձեզ ասեմ՝ նորմալ բժշկական սարքավորումը մեկ հատ հրավառության փողի մոտավորապես նույնն է: Կարդում ենք, չէ՞, ասենք՝ քաղաքի օրվա համար ծախսել էսքան միլիոն դրամ հրավառությանը, էսքան միլիոն դրամ տալ էս բեմը սարքելուն․․․ Կազմակերպիչները գոնե գիտեն, որ էդքան միլիոն դրամով մի հատ կարգին լաբորատոր սարք կարելի է առնել դնել, ձեզ հետ էլ պայմանագիր կնքել՝ «58-ի բնակչությանը դու արա, էլի, էդ անալիզը»: Հաստատ սա ավելի լավ ծրագիր է, քան էդ մի հրավառությունը»:

Նախընտրական քարոզարշավին հետևող գյումրեցիներից շատերը դեռ չեն կողմնորոշվում, թե ում ընտրեն:

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում, հիշեցնենք, անցկացվելու են հոկտեմբերի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG