Մատչելիության հղումներ

ՔԿ-ն Երևան-Էջմիածին ճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ մանրամասներ է հրապարակում


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին հուլիսի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել առ այն, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։ Դիմումատուն նաև հայտնել է, որ հետապնդել են «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաև Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «Վազ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել, սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ»։

Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (երկու և ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Էջմիածին քաղաքի Կամո փողոցի վերջնամասում` Կամո-Մաշտոց փողոցների խաչմերուկի հարևանությամբ, հայտնաբերվել են բախման հետևանքով տարբեր հատվածներում վնասված թվով 3 ավտոմեքենա։ Զննությամբ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ավտոմեքենաների սրահների տարբեր հատվածներից բինտե խծուծներով վերցվել են քսուքներ, որոնք առանձին փաթեթավորվել են: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9մմ տրամաչափի պարկուճ: Բացի այդ, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ նշելով, որ կրակոցներն արձակվել են հիշյալ ատրճանակից», - ասված է հաղորդագրությունում: - «Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ»:

Նախաքննական մարմինը հուլիսի 17-ին տեղեկացվել է, որ Արթուր Թումանյանը և նրա կողմնակիցը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ Թումանյանն առայժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու, մյուս տուժածի հարցաքննությունը դեպքի վերաբերյալ շարունակվում է, ով ներկայացրել է այլ վարկած։

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Մշակվել է քննչական պլան և կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Քննությամբ պարզված հանգամանքների մասին Քննչական կոմիտեն խոստանում է տեղեկություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG