Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ ԱՊՀ տարածքում պահպանվում են լարվածության օջախներ


Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին․ - «Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994 թվականին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին: Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել: Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով: Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար»:

Բիշքեկում է նաև Ադրբեջանի նախագահը: Հայտնի չէ, թե արդյոք կլինեն որևէ ձևաչափով հայ-ադրբեջանական շփումներ: Տեղեկատվություն չկա նաև Բիշքեկում Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումների մասին:

ԱՊՀ֊ն այս տարի նշում է կազմավորման 25-ամյակը և Բիշքեկի գագաթնաժողովը հոբելյանական է:

Կառույցի անդամ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ փաստաթղթերի, այսօր ստորագրել են հոբելյանին նվիրված հայտարարություն:

2017 թվականին ԱՊՀ-ի նախագահությունը Ղրղըզստանից կանցնի Ռուսաստանին, և պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ մշակել է կառույցն արդիականացնելու ռազմավարություն:

Գագաթնաժողովի նախօրեին ռուսաստանյան «Վեստի»-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել էր ԱՊՀ՝ ասելով, թե «արդյունքները հիասթափեցնում են»:

Փորձագետները ԱՊՀ-ն հաճախ անվանում են «հետխորհրդային երկրների ղեկավարների ակումբ»՝ ընդգծելով, որ կառույցի շրջանակներում արդյունավետ գործունեություն չկա:

XS
SM
MD
LG