Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը օրինագծից հանել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդվածը


Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի հանձնաժողովը «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծից հանել է այն հոդվածը, որը վերաբերում էր ցեղասպանությունների և մարդկության դեմ գործված ոճիրների ժխտումը պատժելուն:

Այս լուրը հատուկ հաղորդագրությամբ տարածել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը՝ միաժամանակ արտահայտելով իր վրդովմունքը:

«Սենատի այդ որոշումը վրդովեցուցիչ է, քանի որ Ազգային ժողովի պատգամավորները միաձայն հավանություն էին տվել կառավարության կողմից օրինագծում ավելացված այդ հոդվածին», - ասված է հաղորդագրությունում:

«Հավասարություն և քաղաքացիություն» օրինագիծը, հիշեցնենք, Ազգային ժողովում քվեարկվել էր հուլիսի 1-ին, որից հետո նախարարներից մեկը նույնիսկ հայտարարել էր, որ եթե մինչև այժմ միայն հրեաների Ողջակիզման ժխտումն էր պատժելի, ապա այսուհետև պատժելի է լինելու ֆրանսիական կամ միջազգային իրավասու որևէ ատյանի կողմից դատապարտված բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ գործված ոճիրների ժխտումը:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես ճանաչված լինելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001 թվականի հունվարի 29-ի օրենքով, համապատասխանում է Սահմանադրական խորհրդի նկատառումներին: Վերջինս, մերժելով ընդունել «հիշողության օրենքները», 2012 թվականի փետրվարի 28-ին ընդունել էր միայն օրենքով ընդունված ցեղասպանությունների ժխտումը պատժելու մասին որոշում:

Ուստի, անհասկանալի համարելով Սենատի ցեղասպանությունների ժխտումը պատժելի ճանաչող հոդվածը հանելու մասին որոշումը, Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը դրա հետևում տեսնում է Թուրքիայի ձեռքը:

«Սենատը չի կարող վարկաբեկել ինքն իրեն մի որոշմամբ, որը թվում է թե կատարվել է թուրքական կառավարության ճնշման հետևանքով», - հայտարարել է խորհուրդը՝ կոչ անելով Սենատին վերանայել իր որոշումը:

XS
SM
MD
LG