Մատչելիության հղումներ

logo-print

Գործարարներն արմատական փոփոխություններ են ակնկալում նորանշանակ վարչապետից


ARMENIAEXPO 2016-ի ցուցասրահում:

ARMENIAEXPO 2016-ի ցուցասրահում:

Հայաստանյան գործարարների պնդում են, թե բիզնես միջավայրը բարելավելու համար նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է արմատական փոփոխությունների ենթարկի գործարարներին առնչվող բոլոր կառույցները:

Այսօր Երևանում բացված ARMENIAEXPO 2016 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը նախաձեռնած Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծում է, որ թեև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի համար շատ դժվար է լինելու, բայց նա ի զորու է փոփոխություններ մտցնել․ - «Դժվար է լինելու, որովհետև վերջին հաշվով իններորդ ամիսն է այս տարվա: Դժվար է լինելու, որովհետև արտաքին նեգատիվ ազդեցությունները դեռևս էապես ազդում են մեր տնտեսության վրա: Հատկապես խոսքս ռուսական շուկայի անկայունությանն է վերաբերում և սանկցիաների հետևանքով շուկայի տկարանալուն: Բայց, ճանաչելով վարչապետին որպես շատ լուրջ գործարար և մենեջմենթի անդամ, նա երկար ժամանակ եղել է մեր միության խորհրդի անդամ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն էր, ճանաչելով նաև նրա թիմի շատ անդամներին, ես հավատում եմ, որ որոշակի հաջողություններ ձեռք կբերենք»:

Ցուցահանդեսին իր ընկերությունն էր ներկայացնում նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա չի կարծում, թե նոր վարչապետը ի զորու է բարելավել գործարար միջավայրն ու վերացնել կոռուպցիան ու խտրական մոտեցումը:

«Դժվար թե նա ունենա այնպիսի համարձակություն, որ Սաշիկ Սարգսյանին, օրինակ, բերի օրինականության դաշտ: Առավելագույնը նա կփորձի ինչ-որ ամենաստորին օղակներին օրինականության դաշտ բերի, որը այդտեղ ունենում է պինգ-պոնգի էֆեկտ, այսնինքն, երբ որ յուրաքանչյուր ստորադաս տեսնում է, որ իրա վերադասը ավելի, շատ ներողություն, գող, ավազակ ա, ինքը միջոցներ, հնարքներ ա փնտրում իրա անօրինական եկամուտները պաշտպանված պահելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

Ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի ներկմամբ զբաղվող գործարար Հայկ Օհանյանն «Ազատությանը» ասաց, որ Հայաստանում բիզնեսմենը խոչընդոտների է հանդիպում բոլոր ոլորտներում՝ սկսած սահմանից, և վարչապետը պետք է փոփոխություններ մտցնի բոլոր կառույցներում․ - «Ամեն ոլորտում, որտեղ որ մարդը, քաղաքացին շփվում ա պետական կառույցի հետ, փոխելու բան հաստատ կա՝ սկսած դիմացինի ձևից, մարդկային հատկություններից մինչև մնացած թղթաբանությունը, քաշքշուկները, էդ ամեն ինչը փոխման ենթակա են: Օրինակ, Վրաստանից հատում ենք Հայաստանի սահմանը, միանգամից այդ մթնոլորտը զգացվում ա, թե ինչքան բան կա փոխելու»:

Գործարար ցուցահանդեսին մեծ թիվ էին կազմում Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող կազմակերպությունները: Հարևան երկրի գործարարներից մեկն «Ազատությանը» ասաց, որ իրենք սիրով են աշխատում հայկական շուկայում, բայց գանձվող մաքսային հարկերի նվազեցման դեպքում առևտրաշրջանառությունն ավելի մեծ կլիներ․ - «Եթե Հայաստանի կառավարության մաքսը ապրանքների վրա ցածր լինի, մենք կկարողանանք վաճառել մեր ամբողջ ապրանքն այստեղ»:

Yerevan EXPO մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում այսօր բացված միջազգային գործարար ցուցահանդեսին իրենց արտադրանքն էին ներկայացնում 9 երկրների 129 կազմակերպություններ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ բարձրաստիճան որևէ պաշտոնյա ֆորումի բացմանը ներկա չգտնվեց:

ARMENIAEXPO 2016-ը կգործի մինչև սեպտեմբերի 18-ը:

XS
SM
MD
LG