Մատչելիության հղումներ

Պետք է լրջորեն նայել ԼՂ հարցով նախկինում ձեռք բերված համաձայնություններին․ Քոչարյան


Շավարշ Քոչարյան, արխիվ
Շավարշ Քոչարյան, արխիվ

Հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն նայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախկինում կատարված բոլոր համաձայնություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը:

«Ապրիլյան՝ Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայից հետո արդեն լրջորեն պետք է մտածել այդ բոլորի մասին: Ժամանակին եղել էր շատ լուրջ, կարելի է ասել, զիջում՝ ընդունելով որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան սկզբունքները, [Ղարաբաղի] հետաձգված հանրաքվեն, որովհետև այն ժամանակ շատ հստակ հիմնավորում էին միջնորդները, որ հետաձգված հանրաքվեի իմաստը կայանում է նրանում, որ Բաքվի իշխանությունը կարողանա իր ժողովրդին նախապատրաստի այն մտքին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց նրանք այդ ժամանակն օգտագործեցին ճիշտ հակառակ ուղղությամբ: Այդ տեսակետից արդեն հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն նայել բոլոր նախկինում կատարված համաձայնություններին», - ասել է Քոչարյանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանն այն մասին, թե Ղարաբաղի խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, Քոչարյանն ընդգծեց, որ նա, ըստ էության, որևէ նոր բան չի ասել․ - «Նա ընդամենը վերաշարադրել է այն, ինչ որ կա Մադրիդյան սկզբունքներում»:

Քոչարյանը նաև ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել հենց պատճառ է հանդիսանում, որ «բուն բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց»:

«Ամեն ինչ կախված է [Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում] ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից: Հիմա քննարկման առարկա է այն հանգամանքը, որպեսզի ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, վերջ դրվի այն դիվերսիաներին, որն իրականցնում է Ադրբեջանը, ուժեղացվի այդ մոնիտորինգային խմբի կարողությունները և այլ, որովհետև շատ ակնհայտ է՝ առանց դրա խոսել բանակցային գործընթացի մասին անհնար է», - հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG