Մատչելիության հղումներ

Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները


«Պուտինը և Եվրոպան», քաղաքական ծաղրանկար
«Պուտինը և Եվրոպան», քաղաքական ծաղրանկար

Եվրոպական միությունը պաշտոնապես հաղորդեց Ռուսաստանի նկատմամբ 2014 թվականից սահմանված պատժամիջոցների ժամկետը ևս կես տարով երկարաձգելու որոշման մասին:

Պատժամիջոցները ենթադրում են սանկցիոն ցուցակում ներառված ֆիզիկական անձանց և ընկերությունների հաշվեհամարների սառեցում և Եվրամիության տարածք մուտքի արգելք:

Եվրամիության պաշտոնական կայքէջը հիշեցնում է, որ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած ագրեսիվ քաղաքականության համար: Խոսքը Ղրիմի թերակղզին բռնակցելու և Ուկրաինայի արևելքում ռուս անջատականներին սատարելու մասին է:

ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով, Ուկրաինայի արևելքում 2014 թվականի գարնանը սկսված պատերազմի ընթացքում ընդհանուր հաշվով զոհվել է ավելի քան 9 հազար 600 մարդ:

«Իրավիճակի վերլուծությունը պատժամիջոցների բնույթը փոխելու և պատժիչ գործողությունների տակ հայտնված պաշտոնյաների ու կազմակերպությունների ցուցակը վերանայելու հիմք չի տալիս», - ասվում է հաղորդագրությունում:

Պատժամիջոցների են ենթարկված 146 մարդ և 37 կազմակերպություն: Ցուցակում են, մասնավորապես, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը, ինչպես նաև «Չերնոմորնեֆտեգազ», «Կերչի լաստանավային փոխադրումներ», «Թեոդոսիայի նավթաբազա» ընկերությունները, «Նիժնյայա Օրեանդա» առողջարանը, «Նովի սվետ» գինեգործարանը և այլ կազմակերպություններ:

Ցուցակում են նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» ղեկավարները:

Եվրոպական միության որոշմամբ երկարաձգված պատժամիջոցներն ուժի մեջ կլինեն մինչև 2017 թվականի մարտի 15-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG