Մատչելիության հղումներ

WADA-ն նորից ենթարկվեց ռուս հաքերների հարձակմանը


Հակադոպինգային համաշխարհային գործակալության կենտրոնակայանը: Մոնրեալ, Կանադա, արխիվ, 9 նոյեմբերի, 2015թ.
Հակադոպինգային համաշխարհային գործակալության կենտրոնակայանը: Մոնրեալ, Կանադա, արխիվ, 9 նոյեմբերի, 2015թ.

Մոսկվան, ինչպես միշտ, հերքում է մեղադրանքը:

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) հայտարարել է, որ ռուս ցանցահենները նոր հաքերային հարձակում են կատարել և գործակալության բազայից պատճենահանել ու գողացել 25 մարզիկների տվյալները:

Ցանկում 10-ը մարզիկներ են Միացյալ Նահանգներից, 5-ական մարզիկ Գերմանիայից և Բրիտանիայից, մեկական մարզիկ Չեխիայից, Դանիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Ռուսաստանից:

25 մարզիկներից 14-ը մեդալներ են նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիադայում:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ցուցակում հայտնված միակ ռուսաստանցին բռնցքամարտիկ Միշա Ալոյանն է: Հիշեցնենք, որ ծագումով եզդի, Հայաստանում ծնված և Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկը Ռիոյում արծաթե մեդալ է ստացել:

Ըստ Հակադոպինգային համաշխարհային գործակալության, հաքերային վերջին գրոհն իրականացրել է նույն խմբավորումը, որն արդեն մի քանի հարձակում է կատարել: Համացանցում այն ներկայանում է Fancy Bears անունով:

Հակադոպինգային համաշխարհային գործակալության գլխավոր տնօրեն Օլիվեր Նիգլին ասել է, թե ակնհայտ է, որ հաքերները գրոհ են կատարել՝ վրեժ լուծելով Ռիչարդ ՄըքԼարենի և Ռիչարդ Փաունդի զեկույցի համար: Դրանում մանրամասն հիմնավորված պարզաբանվել և բացահայտվել են Ռուսաստանի մարզական ասպարեզում խտանիչների համատարած օգտագործման և դոպինգ-ստուգումների արդյունքների կեղծման աղաղակող փաստերը:

Աղմկահարույց զեկույցը դրվել է Օլիմպիադայից առաջ Ռուսաստանի մի քանի տասնյակ մարզիկներին որակազրկելու որոշումների հիմքում: Ռուսաստանն Ամառային օլիմպիադային մասնակցել է նախորդ խաղերի համեմատությամբ շատ փոքր թիմով և 56 միավորով թիմային հաշվարկով գրավել է չորրորդ տեղը: Ռուսները դա շատ ծանր են ընդունել, քանի որ մարզական ու նախևառաջ օլիմպիական հաջողություններն այդ երկրում համարվում է ազգային արժանապատվության խնդիր:

Fancy Bears-ի նպատակը միանգամայն հասկանալի է դառնում, երբ ծանոթանում ես գողացված տվյալների բովանդակությանը: Ցանցահենները հրապարակել են խաղերից առաջ և խաղերի ընթացքում մարզիկներին տրված դեղամիջոցների ցանկը:

Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը որոշակի դեպքերում բացառության կարգով մարզիկներին թույլատրում է ընդունել են դեղամիջոցներ, որոնք այլապես արգելված են: Թույլտվության որոշման մեջ այդպես էլ նշվում է՝ «բացառություն թերապևտիկ նպատակով օգտագործելու համար» (therapeutic use exemption):

Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովն արձագանքել է, թե բռնցքամարտիկը խթանիչ չի ընդունել, նա ստացել է Ринофлуимуцил տեսակի դեմամիջոցը, որի մեջ կա «տուամինոգեպտան» անվամբ նյութ: Դեղն օգտագործում են մրսածության ժամանակ, ընդ որում, բռնցքամարտիկն այն օգտագործել է ոչ թե մրցումների, այլ միայն մարզումների ընթացքում:

Հաքերների հրապարակած առաջին ցուցակում են եղել ամերիկացի մարզիկներ Սիմոնա Բայլզը, Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերը, Ելենա Դելլե Դոննը:

Հաքերներն այդ հրապարակումով գործակալությանը մեղադրում են կողմնակալության մեջ՝ նկատել տալով, թե «տեսեք, ռուսներին որակազրկում եք, իսկ ուրիշների վրա աչք եք փակում»:

Ալոյանը ցուցակում գուցե հայտնվել է հրապարակմանն օբյեկտիվության տպավորություն հաղորդելու համար: Մոսկվան, ինչպես միշտ, պնդում է, որ Ռուսաստանը կապ չունի հաքերների հետ:

«Եթե գործակալությունը հաքերների դեմ պայքարում պաշտոնական եղանակով Ռուսաստանից օգնություն խնդրի, մենք կընդառաջենք», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք դատապարտում ենք այս քրեական ակտիվությունը և Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել դրան վերջ տալու համար», - ասել է Հակադոպինգային համաշխարհային գործակալության տնօրեն Նիգլին և ավելացրել. - «Ռուսաստանից իրականացվող կիբերհարձակումները խոչընդոտում են Ռուսաստանում հակադոպինգային արդյունավետ ծրագիրը վերականգնելու մեր աշխատանքը»:

Ռուսները ոչ միայն հերքում են հաքերային գրոհներին առնչություն ունենալու մեղադրանքը, այլև պնդում են, թե ամերիկացի մարզիկներին դեղամիջոցներ տրամադրելու և միաժամանակ ռուսաստանցիներին որակազրկելու որոշումները վկայում են Ռուսաստանի նկատմամբ կողմնակալ լինելու մասին:

«Սա ոչ թե կրկնակի ստանդարտների օրինակ է: Սա պարզապես ցանկացած գնով Ռուսաստանը մեկուսացնելու նպատակ է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Սակայն հաքերները մի բան հաշվի չեն առել՝ մրսածության, հարբուխի կամ որևէ այլ պարագայում կազդուրվելու համար դեղերն ընդունելու պրոցեսը ոչ ոք գաղտնի չի իրականացնում: Համապատասխան դեղն օգտագործելու համար մարզիկի բժիշկը նախապես պաշտոնական կարգով կարող է դիմել հակադոպինգային ազգային կազմակերպություն, տվյալ մարզաձևի միջազգային ֆեդերացիա, Օլիմպիական կոմիտե և, վերջապես, Հակադոպինգային համաշխարհային գործակալություն:

Ի դեպ, Therapeutic use exemption գրությամբ պաշտոնական սերտիֆիկատն անժամկետ չէ և ժամանակ առ ժամանակ պետք է թարմացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG