Մատչելիության հղումներ

Փորձագետ․ «Ընտրություններն արդեն կայացել են Պուտինի գլխում»


Պետական դումայի շենքը Ռուսաստանի մայրաքաղաքում:

Պետական դումայի շենքը Ռուսաստանի մայրաքաղաքում:

Առաջիկա կիրակի օրը ռուսաստանցիները ընտրելու են Պետական դումայի պատգամավորներին:

Հարցումները վկայում են, որ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշը աննախադեպ անկում է արձանագրել: Ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի, իշխող քաղաքական ուժի վարկանիշը սեպտեմբերին կազմել է 39 տոկոս, իսկ ըստ «Հասարակական կարծիք» կենտրոնի՝ 41 տոկոս, ինչը աննախադեպ ցածր ցուցանիշ է իշխող կուսակցության համար։

Այդուամենայնիվ «Եդինայա Ռոսիա»-ն այսօր Ռուսաստանում լուրջ մրցակից չունի։ Տարբեր կազմակերպությունների հարցումների համաձայն, այս տարի էլ Պետդումա անցնելու են «Եդինայա Ռոսիա»-ն, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կումունիստական կուսակցությունը: Հինգ տոկոսի շեմը կարող է հաղթահարել նաև «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն:

Այս տարի խորհրդարանական ընտրությունների մասնակցում են նաև լիբերալ ընդդիմադիր կուսակցությունները՝ «Յաբլոկոն» և «Պառնասը», սակայն նրանց վարկանիշը բավականին ցածր է՝ 1-2 տոկոս:

Ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Բելկովսկին «Ազատության» հետ զրույցում ասում է, որ Ռուսաստանի համար խորհրդարանական ընտրությունները մեծ դերակատարություն չունեն, և ընտրությունների արդյունքները նախօրոք հայտնի են․ - «Պետդուման այսպես թե այնպես հարյուր կամ գոնե իննսունինը տոկոսով Կրեմլի ազդեցության տակ է, և այդպես էլ լինելու նոր Դումայի պարագայում։ Այս առումով այդ ընտրությունները արդեն կայացել են Պուտինի գլխում և այլևս հետաքրքիր չեն նրա համար»:

Բելկովսկու խոսքով՝ այն, որ այս տարի «Յաբլոկո»-ի առաջնորդ Գրիգորի Յավլինսկուն կամ «Պառնաս»-ի ղեկավար Միխայիլ Կայսանովին հաջողվել էր մի քանի անգամ նախընտրական արշավի շրջանակներում դաշնային հեռուստաընկերությունների եթերում քննադատել անձամբ Պուտինին, դժվար թե ինչ-որ բան փոխի։ Ավելին՝ եթե նույնիսկ նրանք հանկարծ հայտնվեն Պետդումայում, նորից ոչինչ չի փոխվի․ - «Օրենսդիր մարմնի ո՛չ կառուցվածքի, ո՛չ էլ կազմի մեջ ոչինչ չի փոխի, եթե մի քանի ընդդիմադիր հայտնվի Պետդումայում»:

2011-ին Պետդումայի նախորդ ընտրություններին հետևեցին ընդդիմության բազմահազարանոց բողոքի ակցիաները Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում։

Բելկովսին, սակայն, կարծում է, որ այս տարի նման բան պետք չէ ակնակալել, քանի որ այդ ակցիաները, բողոքի այդ ալիքը կապված էր բացառապես այն ժամանակ դեռ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձի հետ։

XS
SM
MD
LG