Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը դիմել է ՍԴ՝ վարչական ձերբակալման և բերման ենթարկելու հարցով


Օմբուդսմեն Արման Թաթոյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը:

«Դիմումում նշված օրենսդրական խնդիրների արդիականությունը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում անձի իրավունքների շարունակական խախտումներով: Այսպես, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիս ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների շրջանակներում արձանագրվեցին ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումներ, դրանք հիմնականում վերաբերել են անձին ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելուն, փաստաբանի մուտքը ոստիկանական շենք չթույլատրելուն և այլն», - ասված է օմբուդսմենի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ըստ այդմ, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ ՍԴ ներկայացված դիմումում նշվել է վարչական ձերբակալման և բերման ենթարկելու ինստիտուտները համապարփակ կարգավորելու և անձի իրավունքների նվազագույն ծավալն ապահովելու անհրաժեշտության մասին:

«Ըստ դիմումի` ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրման սկզբնական պահ պետք է համարել անձին փաստացի արգելանքի վերցնելը` անկախ նրա նկատմամբ կիրառվող ներգործության միջոցի տեսակի անվանումից կամ անձի կարգավիճակից: Ըստ այդմ, անձի համար պետք է առաջանան հետևյալ իրավունքները` առաջին` անհապաղ տեղեկացվել ազատությունից զրկվելու պատճառների մասին, երկրորդ՝ իրեն ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին, երրորդ՝ փաստաբանի իրավունքը, չորրորդ՝ բժշկական զննության ենթարկվելու իրավունքը, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից, հինգերորդ՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքը, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Իրավախախտում կատարած լինելու հիմքով անձին ազատությունից զրկելու ընթացակարգի շրջանակներում վերը նշված իրավունքներից բացի պետք է ապահովվի նաև լռություն պահպանելու անձի իրավունքը», - ասված է հաղորդագրությունում:

«Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացվել են նաև ազատությունից զրկման փաստի առիթով արձանագրություն կազմելու, ազատությունից զրկված անձին այն հանձնելու, արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջների հետ կապված խնդիրները: Պրակտիկան վկայում է, որ տարածում ունեն դեպքեր, երբ քաղաքացին բողոքում նշում է, օրինակ, բռնության գործադրման մասին, սակայն Ոստիկանության կողմից կազմված արձանագրությունը չի պարունակում նշում այդ մասին, որի հիմքում ընկած է հենց օրենսդրական թերի կարգավորվածությունը», - նշում է օմբուդսմենի աշխատակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG