Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան․ «Ա՞նձ ենք նշանակում, թե՞ ծրագիր»


ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Հանրապետական կուսակցությունը չունի կոնկրետ ծրագիր, որով առաջնորդվելով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կկանգնեցնի տնտեսության գահավիժումը․ նորանշանակ վարչապետի՝ երեկ Ազգային ժողովում ունեցած առաջին ելույթից հետո ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունում այսպիսի տպավորություն է ձևավորվել:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Հայաստանի Երրորդ Հանրապետության 14-րդ վարչապետը, կրկնելով իր նախորդի՝ Հովիկ Աբրահամյանը խոսքերը, նույնպես հայտարարեց, որ «կախարդական փայտիկ չունի», և սպասելիքներ չկան, որ չափազանց ծանր վիճակում հայտնված տնտեսությունը շատ արագ փոփոխության կենթարկվի:

Կարապետյանը, այդուհանդերձ, ընդգծեց, որ կոնկրետ քայլեր ձեռնարկելու է՝ և՛ սոցիալական լարվածության նվազեցմանն ուղղված, և՛ բիզնեսի զարգացման առումով, սակայն դրան հասնելու համար պետք են համակարգային փոփոխություններ:

«Ազատության» հետ զրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ առաքելությամբ է Հայաստան եկել Կարեն Կարապետյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի բավական լավատեսական հայտարարության ֆոնին, թե Կարեն Կարապետյանը դառնալու է Հայաստանում փոփոխությունների սիմվոլը, նորանշանակ վարչապետի ոչ այնքան լավատեսական հայտարարությունները գնահատելու՝ «Ազատության» խնդրանքին Մանուկյանը արձագանքեց․ - «Հանրապետական կուսակցության անդամների այդ գովազդի շքերթը դրեք իրար կողքի, Սերժ Սարգսյանի ներկայացումը դրեք իրար կողքի, ըստ որի՝ ստացվում է, որ հեսա Հայաստանը հայ-հայ թռնում է տիեզերք, ինչ բում է կայանալու, ինչ ռեֆորմներ են կայանալու, Վասյուկի ենք կառուցում, Սինգապուր ենք կառուցում, նոր էպոխա է սկսում Հայաստանում․ սառը ջուր լցվեց էդ մարդկանց ասածի վրա»:

ՀԱԿ խմբակցության քարտուղարը փոխանցեց, որ նախօրեին հարցրել է հանրապետականներին՝ «տեղյա՞կ եք էդ մարդը ինչի է գալիս, որևէ մեկը քաղաքական պատվեր իրեն տվե՞լ է, կամ որևէ մեկը որ նշանակել է իրեն, քաղաքական առաջադրանք տվե՞լ է, ո՞րն է էդ խնդիրը, ա՞նձ ենք նշանակում, թե՞ ծրագիր»: «Ես պատկերացնում եմ էսպես՝ անձից վեր պետք է լինի ծրագիր, դա պետք է լինի ըստ կարգի Հանրապետական կուսակցության ծրագիրը, որը գալիս է իրականացնելու Կարեն Կարապետյանը: Բանից պարզվում է, որ չկա առաջադրանք, չկա ծրագիր, որի համար գալիս է էդ մարդը վարչապետ է աշխատելու: Այստեղ է այդ անհամապատասխանությունը, դիսսոնանսը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ է վարչապետը նման վատատեսական հայտարարություն անում հենց առաջին իսկ օրով Ազգային ժողովում, Արամ Մանուկյանը արձագանքեց․ - «Դա վատատեսական չի, դա նույնիսկ ռեալից մի քիչ էլ հեռու է, դա մի քիչ մոտենում է ռեալին, որովհետև էն թվերը, որ մենք հրապարակում ենք Հայաստանի մակրոտնտեսության հետ կապված, սարսափազդու են, ոչ մի լավատեսության հիմք չկա էնտեղ, բացարձակ: Մենք գահավիժող տնտեսություն ունենք, խայտառակ մակրոտնտեսական տվյալներ: Եթե ես էդքանը գիտեմ, ես վստահ եմ՝ իրեն արդեն ներկայացրել են ավելի շատ, և կրկին նույն հարցը մնում է ուժի մեջ՝ էդ դեպքում ինչի՞ է եկել, ի՞նչ միսիայով, ի՞նչ առաքելությամբ, ի՞նչ հանձնարարությամբ»:

«Սերժ Սարգսյանը նշում է՝ կարծրատիպեր պետք է կոտրի, տնտեսական, քաղաքական ազատություններ պետք է բերի Հայաստան», - այս հիշեցմանը ընդդիմադիր պատգամավորը արձագանքեց․ - «Գիտե՞ք, սիրուն բառեր բոլորը կարող են ասել, կոնկրետ ծրագիրը պետք է ասել՝ կոնկրետ: Հովիկ Աբրահամյանը երկու սիրուն բան ասեց, բայց մոռացավ, մի երկու օր տևեց, ինքը, հիշո՞ւմ եք, շատ կոնկրետ ասեց՝ իր բարեկամների դեմ պետք է պայքարի, բոլորին պետք է բերի հարկային դաշտ, կառուպցիայի դեմ պայքարի․ հակառակը արեց: Այսինքն, մյուս հեքիաթն էլ էստեղ է․ ասում են՝ չեն անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG