Մատչելիության հղումներ

Վանաձորում ակտիվ քարոզարշավ է ընթանում


Վանաձորի քաղաքապետարանի շենքը:
Վանաձորի քաղաքապետարանի շենքը:

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի մեծ մասը քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Վանաձորում:

Քաղաքապետի թեկնածուները, պատասխանելով վանաձորցիների հարցերին, ներկայացնում են իրենց ծրագրերն ու առաջարկում լուծումներ:

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք ներդրումային լուրջ ծրագրեր ունեն․ - «Իմ անձնական կապի միջոցով մեր իտալացի գործընկերը ինձ լիազորել է իր անունից հայտարարելու, որ Վանաձոր քաղաքում 1000-1200 կարի արտադրության նոր աշխատատեղեր է բացելու: Նաև Վանաձոր քաղաքում ընդհանուր առմամբ 20 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է նախատեսվում, որը իր մեջ կներառի նաև երկու դպրոցի շինարարություն, մանկապարտեզի շինարարություն»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը կարևորում է հատկապես քաղաքի համաչափ զարգացումը՝ առաջարկելով կառավարման առավել արդյունավետ մոդել․ - «Մենք խոսում ենք կառավարման մոտեցումների մասին, արդյունավետ կառավարման մոդելների մասին: Մենք խոսում ենք թափանցիկության, հաշվետվողականության, իրական հանրային մասնակցության մասին, որի մեխանիզմները, որի գործնական քայլերը մենք պատկերացնում ենք և իրականացրել ենք տարբեր մակարդակներում: Հիմա էդ նույնը պետք է անենք նաև քաղաքապետարանի մակարդակում»:

«Համախմբում» կուսակցության թեկնածու Վահան Ղույումչյանը նույնպես խոստանում է թափանցիկ աշխատել ու ծառայել ժողովրդին․ - «Մենք աթոռներից չենք կառչելու: Եթե մենք կարողացանք հասնել նրան, որ ազնվորեն պայքարելուց հետո մենք պարտվեցինք, դրանից մեծ ուրախություն ու երջանկություն ինձ համար չի լինի, որ ժողովուրդը վստահություն կունենա, որ ինքը կարող է ինձ փոխել, կարող է իշխանություն փոխել: Իսկ դա նշանակում է ունենալ կայուն Հայաստան»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արամ Խաչատրյանը ևս նշում է, որ իրենց ծրագրերն իրականացնելու հստակ ժամանակացույց ունեն և եթե չկարողանան դրանք իրականացնել, կհեռանան․ - «Հիմանդրամներ ենք ստեղծելու սոցիալապես անապահով ընտանիքների համար, ազատամարտիկների համար և ուսանողների համար»:

Քաղաքի ծայրամասերում բնակվող վանաձորցիների խնդիրներին արդեն ծանոթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Այծեմնիկ Օհանյանը առաջին հերթին կարևորում է քաղաքի համաչափ զարգացումը․ - «Պետք է սկսել ծայրամասերից վերականգնել քաղաքը: Երկրորդը, պիտի լինեն նաև մունիցիպալ մանկապարտեզներ, որոնք հենց քաղաքապետարանի հոգածության տակ կլինեն, որտեղ կարող են մատուցվել անվճար ծառայություններ»:

Դաշնակցության թեկնածու Նելսոն Մամուլյանը նշում է կուսակցության ծրագրերը տարբեր ոլորտներում և ընդգծում, որ իրենք առաջարկում են կառավարման նոր մոդել․ - «Ցանկացած խնդրի քննարկումից սկսած՝ մինչև լուծումը վանաձորցին պետք է մասնակցության համար ստանա հնարավոր հարթակներ մեր կողմից: Մյուսը Վանաձորի դեմքը փոխելու հետ կապված, գրավիչ միջավայր ստեղծելու ջանքերը և գործուն քայլերն են մեր, որոնք ըստ ոլորտների ներկայացված են ծրագրի մեջ»:

Հայ ազգային կոնգրեսը ևս խոստանում է ընտրվելու դեպքում ոլորտ առ ոլորտ բարեփոխումներ իրականացնել:

Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ինքը խոստումներ չի տալիս, միայն գործում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG