Մատչելիության հղումներ

Էթիկայի հանձնաժողովը մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը


Վլադիմիր Գասպարյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 24-ը ապրիլի, 2016 թ․

Վլադիմիր Գասպարյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 24-ը ապրիլի, 2016 թ․

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը, որով հասարակական կազմակերպությունը պահանջում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վլադիմիր Գասպարյանը լրագրող Սիրանուշ Պապյանին ասել էր, թե նրա մեջ կին չի տեսնում։

Հանձնաժողովի մերժման պատճառն այն է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան ոչ պատշաճ դիմող է։ Հասարակական կազմակերպությունում նման պատճառաբանությունը հարցեր է առաջացրել։

«Պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետից ավելի վատ արտահայտություններով են հանդես գալիս, և այն անձանց շրջանակներում, ում որ վերաբերում է, որևիցե մեկը չի դիմում Էթիկայի հանձնաժողով: Ի՞նչ, պետք ա Էթիկայի հանձնաժողովը որևիցի գործողություն չանի՞», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը։

Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից։ Պատճառաբանելով, թե ճանապարհին է՝ Սահակյանն առաջարկեց ավելի ուշ զանգել, սակայն հաջորդ զանգերին այլևս չպատասխանեց։

Արայիկ Զալյանն առաջարկում է ուսումնասիրել հանձնաժողովի գործունեությունը․ - «Եթե խորը ուսումնասիրենք, տվյալ հանձնաժողովում բավականին աշխատակազմ կա: Բայց եթե տեսնենք, թե իրենք տարվա կտրվածքով քանի հատ վարույթ են հարուցում և քանի որոշում են կայացնում, չնչին թիվ ա կազմում»:

Սիրանուշ Պապյանի փաստաբան Դավիթ Ասատրյանի կարծիքով, տարօրինակ է ոչ միայն այն, որ հանձնաժողովը մերժել է իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումը, այլև՝ որ սեփական նախաձեռնությամբ վարույթ իրականացնելու որոշում չի կայացրել․ - «Ընդհանուր առմամբ, ես չեմ հիշում շատ դեպքեր, որ ինքը իր նախաձեռնությամբ ինչ-որ մեկի նկատմամբ վարույթ հարուցի: Մենք ունենք, ըստ էության, կաշկանդված մարմին, որը չի ցանկանում այդ ոլորտի մեջ շատ մեծ գործ ունենալ»:

Սիրանուշ Պապյանը նաև դատարան էր դիմել: Նրա փաստաբանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական հայցում լրացում կատարելու միջնորդություն են ներկայացրել։ Պահանջներն այժմ մեկի փոխարեն երեքն են․ - «Պատասխանող կողմը հրապարակային կարգով ներողություն խնդրի վիրավորանքի համար: Երկրորդ պահանջը կայանում է նրանում, որպեսզի դատարանը ճանաչի և հաստատի այն փաստը, որ միջամտություն է տեղի ունեցել իմ վստահորդի ազատ խոսքի արտահայտման իրականացման ընթացքում: Երրորդ պահանջը դա հետևյալն է, որ դատարանը ճանաչի և հաստատի գենդերային խտրականության փաստը»:

Գենդերային խտրականության բողոքով հայց, փաստաբան Դավիթ Ասատրյանի հավաստմամբ, Հայաստանի դատարանն առաջին անգամ է քննելու․ - «Ըստ էության առաջին անգամ է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի գործ գնում և առաջին անգամ է կիրառվում այդ օրենքը, որը ռազմավարական նշանակություն ունի: Սակայն մենք կարծում ենք, որ այս պարագայում յուրաքանչյուր անգամ դատական գործերի առկայությամբ, իրավանորմերի կիրառության արդյունքում է ստեղծվում էդ ամենը, ինչ որ ձեռք է բերվում և կիրառվում ապագայում»:

Քաղաքացիական հայցի շրջանակում առաջիկա դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 5-ին։

Լրագրողը ևս դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Սիրանուշ Պապյանին սեփական դիմումի ճակատագրի մասին որևէ բան պարզել, սակայն, չի հաջողվել։

Լրագրողն այժմ հրաժարվում է հարցազրույցներից՝ հորդորելով խոսել փաստաբանի հետ։ «Ազատության» հետ հեռախոսազրույցում, այդուհանդերձ, նշեց, որ հանձնաժողովից իր զանգերին չեն պատասխանում, հետևաբար անգամ դիմողը չգիտի, թե ինչ փուլում է իր դիմումի քննությունը։

XS
SM
MD
LG