Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դառնում է Միացյալ Նահանգների նախագահական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը


Դեմոկրատական կուսակցությունը կրկին հայտարարում է ռուս հաքերների հարձակման մասին, իսկ նախագահ Բարաք Օբաման պնդում է, թե հանրապետական Թրամփը պատրաստ է կրկնօրինակել Վլադիմիր Պուտինին:

«Հանրապետականները սովորաբար ընդդիմանում էին Ռուսաստանին, բռնապետությանը, պայքարում էին ազատության ու ժողովրդավարության համար: Մինչդեռ հիմա նրանց թեկնածուն մեծարում է Վլադիմիր Պուտինին՝ ասելով, թե նա ուժեղ առաջնորդ է: Թրամփը օրինակելի առաջնորդ է համարում մի մարդու, ով հարձակվում է ավելի փոքր երկրների վրա, բանտերն է նետում իր ընդդիմադիրներին ու երկրի տնտեսությունը տանում երկարատև անկման», - հայտարարել է Օբաման:

Քարոզարշավի ժամանակ հանրապետական միլիարդատերը բազմիցս դրվատանքի խոսքեր է ասել Ռուսաստանի նախագահի հասցեին: Անցած շաբաթ, սակայն, նա ավելի հեռուն գնաց՝ պնդելով, թե Պուտինը Օբամայից ավելի ուժեղ առաջնորդ է: Սպիտակ տան ղեկավարը երեկ այս հայտարարությունը նույնպես անարձագանք չթողեց․ - «Երբ Թրամփին հարցնում են, թե ինչու է աջակցում Պուտինին, ասում է՝ նրա վարկանիշը 82 տոկոս է... Սադդամ Հուսեյնի վարկանիշը 90 տոկոս էր: Այդպիսի արդյունք ես ստանում, երբ վերահսկում ես մամուլը, երբ սահմանափակում ես մարդկանց քաղաքացիական ազատություններն ու կալանավորում այլախոհներին»:

«Պետք է հասկանալ, թե ինչ կա Պուտինի հանդեպ Թրամփի համակրանքի հետևում», - հարց է բարձրացրել «Վաշինգտոն փոստը»՝ ակնարկելով, որ պատճառը գուցե ֆինանսական է:

«2008-ին Դոնալդ Թրամփի որդին հայտարարել էր, թե իրենց կազմակերպությունը մեծ գումարներ է ստանում Ռուսաստանից, իսկ 2010-ին Դաշնային դատարան ներկայացված մի հայցում նշվում էր, որ Մանհեթենի շքեղ՝ «Տրամփ Սոհո» հյուրանոցի ֆինանսավորումն իրականացվել է Իսլանդիայում գրանցված կասկածելի, հիմնականում ռուսական գումարներով սնվող ընկերությունից: Ինքը՝ Թրամփը, միշտ հայտարարել է, որ իր էլիտար բնակարանների առաջնային գնորդները ռուս օլիգարխներն են», - փաստում է «Վաշինգտոն փոստը»՝ կոչ անելով միլիարդատիրոջը հրապարակել իր հարկային հաշվետվությունը՝ կասկածները փարատելու համար:

Մինչ այդ Նյու Յորքի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե հետաքննություն է անցկացնում «Թրամփ» բարեգործական հիմնադրամում: «Կասկածներ կան, որ այն ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ գործունեությամբ է զբաղված», - CNN-ին ասել է գերատեսչության ղեկավար Էրիկ Շնայդերմանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը:

Մամուլը այս օրերին ակտիվորեն գրում է «Թրամփ» բարեգործական հիմնադրամի միջոցով Ֆլորիդայի դատախազին ուղարկված կլորիկ գումարի՝ 25 հազար դոլարի մասին: Աղմկահարույց փոխանցումը կատարվել է երեք տարի առաջ՝ միլիարդատիրոջ համար շատ կարևոր մի ժամանակշրջանում, երբ Ֆլորիդայի դատախազ Փեմ Բոնդին կարող էր կեղծիքների փաստով գործ հարուցել «Թրամփ» համալսարանի դեմ: Ամիսներ շարունակված քննությունից հետո Բոնդին միլիարդատիրոջը պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր չէր գտել:

Միլիարդատեր Թրամփի գրասենյակը կտրականապես հերքում է թե՛ ռուսների հետ ստվերային կապի, թե՛ հարկերից խուսափելու ու պաշտոնյաներին կաշառելու մեղադրանքները՝ դրանք որակելով քարոզչական հնարք նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ:

«Նյու Յորքի գլխավոր դատախազը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է և սատարում է նախագահության թեկնածու Քլինթոնին՝ տարիներ շարունակ չտեսնելու տալով «Քլինթոն» հիմնադրամի գործունեությունը», - հայտարարել է Թրամփի նախընտրական գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG