Մատչելիության հղումներ

ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց գլխավոր դատախազի թեկնածուի հասցեին հնչող քննադատություններով


Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի և դատախազական համակարգի հասցեին հնչող քննադատություններով։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Դավթյանը դատախազական գործունեության տասը տարիների ընթացքում ներգրավված է եղել աղմկահարույց մի շարք գործերում, ինչպիսիք էին «Էյր Արմենիա» ընկերության սեփականատիրոջ առևանգման ու ծեծի, ինչպես նաև «Հարսնաքար»-ի գործերը։

«Էս գործի կոնտեքստում ամենակարևոր հարցը, որ հետաքրքրում էր հանրությանը հետևյալն էր, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի մերձավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը առնչություն ունեցել է այս գործի հետ, այնքանով` ինքը հրահանգել է արդյո՞ք ծեծել, թե՞՝ չծեծել։ Նախաքննությունը՝ չակերտներում, բարեհաջող ավարտվեց` պաշտոնական բարեհաջող պատասխանով, որ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի։ Արթուր Դավթյանը հենց այդ ժամանակ պաշտոնի բարձրացում ստացավ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց՝ որոշ քրեական գործերում դատախազությունն այսօր անզոր է, քանի որ դրանք կարճվում են քաղաքական որոշմամբ։ «Օրինակ, սպանությունը Հայաստանում ապաքրեականացված հոդված է՝ դիտավորյալ սպանությունը։ Եթե Սերժ Սարգսյանը ասում է, որ «գիտեք տղերք, էս սպանությունը, վաբշե տը, տենց էլ քրեական սպանություն չի, ապաքրեական սպանություն է սա», ուրիշ ձևով լուծվող հարցեր են։ Բա, ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանի նկարներն իրենց սենյակներում ինչո՞ւ են կախում, նրանք անընդհատ խոսում են՝ դատախազները, քննիչները կաբինետներում զեկուցում են», - ասաց Փաշինյանը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ Արթուր Դավթյանին հիշեցրեց, որ տարիներ շարունակ դատախազությանն ուղարկված իրենց նյութերին երբևէ ընթացք չի տրվել։

«Այդ դեպքում, կներեք, եթե ֆրակցիան, եթե պատգամավորները, մասնագետների ուսումնասիրությամբ, նյութեր են տալիս դատախազությանը՝ պայքարելու կոռուպցիայի, տնտեսական հանցագործությունների դեմ և Դուք ոչինչ չեք անում, չեք էլ պատասխանում, Ձեր համակարգը չի էլ պատասխանում, ես վստահ լինե՞մ էդ համակարգի վրա, որ ինքը կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարելու է, ոչ», - ասաց Մանուկյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր հերթին հայտարարեց, որ դատախազին նշանակելու քվեարկությանը չեն մասնակցելու։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Արթուր Դավթյանի խոստացած սկզբունքայնությանը չեն հավատում։

«Հանկարծ Դուք ուզում եք պահպանել սկզբունքայնությունը, և լինում է քաղաքական որոշում, ես պայմանական եմ անունը ասում քաղաքական որոշում, Դուք գիտեք՝ ինչի մասին եմ ասում, Դուք կարողանալո՞ւ եք պահպանել այդ սկզբունքայնությունը, երբ որ լինի՝ «քաղաքական որոշումը պարտադիր է իշխող թիմի համար», իհարկե ոչ», - ասաց Մելքումյանը։

Գլխավոր դատախազի թեկնածուի փոխարեն, պատգամավորներին այսօր հակադարձեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. - «Մենք ընտրում ենք դատախազի թեկնածու, դատախազ, այլ ոչ թե փրկիչ», - ասաց Շարմազանովը՝ նշելով. - «Այո, դատախազական համակարգում համակարգային կոռուպցիա գրեթե գոյություն չունի»։

Նիստի ընդմիջմանը Արթուր Դավթյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ պնդելով՝ անպատիժ քաղաքացիներ Հայաստանում չեն եղել և իր պաշտոնավարման ընթացքում էլ չեն լինելու։

«Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա Հայաստանի Հանրապետության օրենքն է», - հայտարարեց գլխավոր դատախազի թեկնածուն։

Գլխավոր դատախազին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ կնշանակի վաղը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից բացի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նույնպես հայտարարում է, որ չի մասնակցելու քվեարկությանը։

XS
SM
MD
LG