Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի հարազատները չեն հավատում գլխավոր դատախազի թեկնածուին


Սարգիս Քլոյան՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը
Սարգիս Քլոյան՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը

Մարտի 1-ին սպանված քաղաքացիների ծնողները չեն հավատում, թե գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը նոր ջանքեր է գործադրելու՝ իրենց որդիների մահվան հանգամանքները բացահայտելու համար:

2008 թվականի նախագահական ընտրություններից հետո սպանված տասը քաղաքացիներից Գոռ Քլոյանի հայրը հիշում է, որ նման հայտարարություններ են արել նաև նախորդ երկու գլխավոր դատախազները, վերջերս հրաժարական ներկայացրած Գևորգ Կոստանյանը նույնիսկ «տղամարդու խոսք» էր տվել, բայց, ըստ Քլոյանի, դեռևս «որևէ մարդասպան պատժված չէ»:

«Ջղայնանում ենք, որովհետև սուտ են խոսում։ Ինչո՞ւ, որովհետև ունենք մի քանի նախադեպեր՝ Աղվան Հովսեփյան, Կոստանյան և նոր դատախազի թեկնածու... եթե նա ուզենա էլ, չի կարող բացահայտել, որովհետև իրեն թույլ չեն տա բացահայտելու Մարտի 1-ը։ Ինչո՞ւ թույլ չեն տա, որովհետև էս իշխանությունն է սպանել մեր երեխաներին և էս իշխանության դրած դատախազը երբեք դա չի անում», - ասաց Գոռ Քլոյանի հայրը։

Սարգիս Քլոյանը պատմում է, որ արդեն 8 տարի շարունակվող նախաքննության ընթացքում արդեն 4 քննիչ է փոխվել․ բոլորն էլ իրենց կանչել են հարցաքննության, տվել նույն հարցերը, արձանագրել նույն պատասխանները:

«Ես հարց եմ ուղարկել քննիչին, «պարոն քննիչ, - ասում եմ, - սա ո՞նց կլինի, ամեն տարի մի քննիչ փոխելով, մեր գործն ավարտին կհասցնե՞ք»։ Խոստացավ, որ կհացնեն, քննիչը՝ նույնպես, դատախազը՝ նույնպես, և այդպես շարունակ խաբում են ու խաբում են», - ասաց Քլոյանը։

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ Ազգային ժողովում գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու 2008 թվականի Մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման համար:

«Որպես կանոն, չբացահայտվող հանցագործություններ չպետք է լինեն։ Այլ հարց է, թե մեր ռեսուրսները, մեր օբյեկտիվ, սուբյեկտիվ հնարավորությունները որքան են թույլ տալու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ունենալ օբյեկտիվ ճշմարտության բացահայտում։ Բնականաբար, որպես մեր հանրությանը հուզող կարևորագույն քրեական գործ, գլխավոր դատախազ ընտրվելուց հետո, ինձ համար այդ գործի մանրամասն ուսումնասիրությունը և դրա բացահայտման, հանրությանը հետաքրքրող տեղեկատվության տրամադրման առումով, իմ առաջնահերթություններից մեկն է սա լինելու», - հայտարարեց գլխավոր դատախազի թեկնածուն։

Այսօր էլ ընդդիմադիր պատգամավոր Մանուկյանը խորհրդարանում անդրադարձավ Մարտի 1-ի խնդրին՝ ասելով, որ իշխանությունները զոհերի հարազատներին չեն տրամադրում ողբերգության օրը իրականացված տեսանկարահանումները:

Պատգամավորը նաև ասաց, որ առաջին անգամ հրապարակում է հատված կառավարության պատասխանից՝ ուղղված Եվրոպական դատարանին:

«Տառացիորեն գրված է, որ «մահաբեր ուժը, որը կիրառվել է Մարտի1-ի 9-ը զոհերի նկատմամբ, եղել է բացարձակապես անհրաժեշտ»։ Ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը։ Էս հարցին պետք է դատախազությունը պատասխանի։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր են կրակողները, ի՞նչ մոտիվացիայով է եղել սպանությունը, որ դուք հայտնաբերել եք, որ դա ծայրահեղ անհրաժեշտությամբ կատարված սպանություններ են, մահվան ուժ է կիրառվել։ Եթե հայտնաբերված չէ, թե ովքեր են սպանողները և կազմակերպիչները, հրահանգողները, ինչպե՞ս եք այսպիսի եզրակացություններ ուղարկել միջազգային կառույցներ։ Կամ դուք, Ձեր համակարգը, նախկին դատախազը ստում է՝ հիմք չունենալով, կամ հիմք ունի և չի բացահայտում հանցագործներին և նրանց կատարողներին», - եզրափակեց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորն իր խոսքն ավարտեց՝ ասելով, որ չի հավատում, թե նոր գլխավոր դատախազը կարող է դուրս գալ համակարգի դեմ:

Այդ կարծիքին է նաև «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը: Ըստ նրա, Մարտի 1-ի ողբերգության բացահայտմանն ուղղված ցանկացած քայլի դեպքում նոր դատախազը կհեռացվի:

«Եթե մարդը նշանակված է իշխանությունների կողմից, ինքը, ուզի, թե չուզի, պետք է իշխանություններին ծառայի։ Իդեալական պայմաններում մարդը կարող է հայտարարել, որ «հա, կբացահայտեմ», բայց հենց առաջին քայլն արեց՝ բացահայտման, ինքը հաջորդ օրը կզրկվի իր պաշտոնից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեմիրջյանը։

Այդուհանդերձ, «Մարտի 1» ՀԿ-ի համակարգողը վստահ է, որ տասը զոհերի մահվան հանգամանքները բացահայտելը դժվար չէ, քանի որ հայտնի է, թե ովքեր են եղել մահաբեր զենքեր կրող ուժայինները:

«Երևի մեկ-երկու դեպքն է սպանության, բուն սպանության, որ շատ դժվար է բացահայտելը, մնացած գործերը՝ իրեղեն ապացույցներով, վկաներով, թե որ ստորաբաժանումը, որ ժամին, որտեղ է կանգնած եղել, շատ հեշտությամբ բացահայտվող գործ է», - ասաց Առաքել Սեմիրջյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ զոհերից 9-ի հարազատների կողմից Եվրադատարան ներկայացված բողոքի քննությունն արդեն մոտենում է ավարտին, կառավարությանն ու կողմերին հարցեր ուղղելու փուլն ավարտվել է և հնարավոր է, որ մինչև այս տարվա ավարտը ստրասբուրգյան դատարանը հրապարակի իր որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG