Մատչելիության հղումներ

Իրանագետ․ Ռոհանիի այցը չափազանց կարևոր նշանակություն ունի


Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը «Ազատության» հետ զրույցում հաստատեց մամուլում տարածված տեղեկությունը, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում այցելելու է Հայաստան:

Կոնկրետ ժամկետներ առայժմ չեն նշվում:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով, Ռոհանիի այդ այցը չափազանց կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանում Հայաստանի դերակատարության առումով․ - «Պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ ընդամենը որոշ ժամանակ առաջ պարոն Ռոհանին այցելել էր նաև Բաքու, և, հաշվի առնելով Իրանի՝ տարածաշրջանում վարած հավասարակշիռ քաղաքականությունը, Հայաստան այցը ունի կարևոր նշանակություն՝ մեկ անգամ ևս ընդգծելու այդ երկրի Հարավային Կովկասում ունեցած քաղաքական հավասարակշիռ վարքագծի անհրաժեշտությունը և դրա շարունակականությունը»:

Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «հայ-իրանական հարաբերությունների ակտիվացման համար կան բոլոր պայմանները»: Միաժամանակ դեսպանը նշել է, որ վերջին շրջանում նվազել է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը բոլոր երկրների, այդ թվում նաև Իրանի հետ:

Պաշտոնական տվյալներով Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականին նվազել է 5.2 տոկոսով՝ կազմելով 276 մլն դոլար:

Վարդան Ոսկանյանի մեկնաբանությամբ, երկու երկրներն այսօր աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները․ - «Խոսքը գնում է արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին, որի շահագործման հանձնելուց հետո հայ - իրանական տնտեսական շրջանառությունը հարյուր տոկոսով աճելու է: Կոնկրետ իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը: Այսինքն՝ Հայաստանը արդեն իսկ վաճառել է իրանական գազ Վրաստանին, Հայաստանը արդեն իսկ սկսել է ծրագիր Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու ուղղությամբ, և այդ ծրագիրն էլ առաջիկայում կյանքի կկոչվի: Լրջագույն ձեռքբերում է երկու երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը»:

Դրա հետ մեկտեղ, ըստ որոշ փորձագետների, Հայաստանը չի կարողացել լիարժեքորեն օգտվել Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացումով ընձեռված հնարավորությունից: Այս կարծիքը մասամբ կիսում է նաև Ոսկանյանը․ - «Ինչ վերաբերում է տեխնոլոգիական մյուս դաշտերին, ասենք, օրինակ, բարձր տեխնոլոգիաներին, ՏՏ ոլորտին, ապա հայ - իրանական համագործակցություն այս դաշտում ըստ էության չկա: Բայց ակնհայտ է, որ Հայաստանը ունի որոշակի ներուժ մասնակցելու, օրինակ, Իրանի բանկային համակարգերի արդիականացմանը՝ ծրագրային ապահովման առումով: Մի ոլորտ, որտեղ իրանցիները ակնհայտորեն չեն վստահում արևմտյան՝ ընդհանուր բնորոշմամբ, կամ եվրոպական ընկերություններին, բայց կարող են վստահել Հայաստանին՝ հաշվի առնելով մեր երկրի և մեր ժողովրդի հանդեպ ունեցած դրական վերաբերմունքը: Այդ դաշտում, ես կարծում եմ, որ հայ - իրանական համագործակցությունը կարող է ձևավորվել: Երկրորդ ոլորտը, որտեղ որոշակի խոսակցություններ կան, որոշակի հանդիպումներ կան՝ դատելով ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվությունից, կարող է լինել ռազմաարդյունաբերության ոլորտը»:

Ռազմաարդյունաբերական ոլորտում հայ - իրանական համագործակցության մասին հասկանալի պատճառով բաց տեղեկատվություն չկա:

Հայաստանի համար հայ - իրանական տնտեսական հարաբերություններից պակաս կարևոր չէ Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այս առնչությամբ Ոսկանյանն ասաց․ - «Իրանական քաղաքականությունն արցախյան հիմնախնդրի համատեքստում եթե ուզենանք բնորոշել մեկ բառով, ապա դա «հավասարակշիռ» եզրույթը կարող է լինել: Իրանցիները ակնհայտ է, որ այս հարցում, չնայած որոշ հռետորաբանությանը, կողմնակից են, որպեսզի պահպանվի առկա ստատուս քվոն»:

XS
SM
MD
LG