Մատչելիության հղումներ

ԵՄ-Վրաստան ազատ վիզային ռեժիմի հարցը մինչ ընտրությունները հավանաբար չի լուծվի


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Պաշտոնական Բրյուսելը Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու հարցն ամենայն հավանականությամբ կքննարկի այդ երկրում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Բյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Նախ, Եվրամիության մի խումբ երկրներ պահանջում են հատուկ մեխանիզմ մշակել, որը չարաշահումների կամ ներգաղթի ծավալների կտրուկ աճի դեպքում հնարավորություն կտա Բրյուսելին հրաժարվել ազատ վիզային ռեժիմից: Այս հարցի շուրջ Եվրոպական խորհրդարանի ու կառավարության միջև դեռ համաձայնություն չկա, բանակցությունները շարունակվում են, և ակնկալվում է, որ որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ: Մյուս կողմից, Եվրամիության անդամներից շատերն են սպասում Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ցանկանալով համոզվել, որ ամեն ինչ կանցնի արդար ու թափանցիկ: Հակառակ դեպքում, եթե ընտրություններում ինչ-որ բան այն չլինի, որոշ երկրներ կարող են փոխել իրենց կարծիքը, սակայն արդեն ուշ կլինի», - փոխանցում է Յոզվիակը:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը հավանություն էր տվել Վրաստանի իրականացրած բարեփոխումներին՝ կոչ անելով այդ երկրի հետ ազատ վիզային ռեժիմի անցնելու հարցը քննարկել խորհրդարանի լիագումար նիստում: Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած նստաշրջանում, սակայն, այն ներառված չէ, «մի փոքր հնարավորություն կար, որ Եվրամիության դեսպանները կարող էին երեկ կանաչ լույս վառել Վրաստանի ճանապարհին, սակայն նրանք էլ նշեցին, որ դեռևս վաղ է, և, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի վրաստանյան ընտրություններից մեկ շաբաթ անց», - հաղորդում է «Ազատության» թղթակիցը:

Հոկտեմբերի 8-ի ընտրություններին պատրաստվող Վրաստանում սա նախընտրական քարոզարշավի հիմնական հարցերից մեկն էր, իշխող «Վրացական երազանք»-ն ամեն կերպ փորձում էր մինչ այդ հասնել վիզաների ազատականացմանը: Գործընթացն արագացնելու համար երկրի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ մեկնել էր Ստրասբուրգ՝ հանդիպելու Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարին ու եվրոպացի պաշտոնյաներին: Բանակցություններից հետո Ջանելիձեն Թվիթերում մի քանի լուսանկար է հրապարակել, պնդելով՝ եվրոպացիները բարձր են գնահատել Թբիլիսիի կատարած աշխատանքը, հստակ ժամկետների մասին, սակայն, վրաց պաշտոնյան ոչինչ չի նշել:

Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման դեպքում Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի անարգել Շենգենյան գոտի մտնել 90 օր ժամկետով:

XS
SM
MD
LG