Մատչելիության հղումներ

Կառուցապատողը սկսել է շինարարական աշխատանքները վիճահարույց տարածքում


Դավիթաշեն երկրորդ թաղամասի բնակիչներն այս գիշեր շինարարական տեխնիկայի ձայնից են արթնացել: Թեև երկու օր առաջ տեղում բողոքի ցույց էին կազմակերպել՝ թույլ չտալով, որ շինարարական տեխնիկան գործի դրվի, այսօր արդեն հայտնաբերեցին, որ խոտածածկը քանդված է: Կառուցապատող Ժենյա Հարությունյանը քաղաքապետարանի թույլտվությամբ գազոնի վրա արևտրի սրահ է կառուցում:

«Գիշերով գալի քանդում են․․․ ոչ աշխատանքային օր: Ուրեմն գաղտնի ինչ-որ բան կա», - եզրակացրեց բնակիչներից մեկը:

«Մենք առավոտյան արթնացանք, տեսանք ու անակնկալի եկանք: Շատ հիասթափվեցինք, թե՛ էս ղեկավարությունից, թե՛ քաղաքապետարանից, թե՛ թաղապետից», - հավելեց մեկ այլ բնակիչ:

Նրանք ասում են, որ նոր խանութի կարիք չունեն: Քաղաքապետարանը կանաչ տարածքները ավելացնելու մասին է խոսում, իրականում դրանք վերացնում է․ - «Եթե կանաչ տարածքը քանդվում ա, դրա օրինականը ո՞րն ա»:

Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչների բողոքի հիման վրա քաղաքապետարանը վարչական վարույթ է հարուցել, հոկտեմբերին պիտի կայանա կողմերի հանդիպումը։ Դավիթաշենցիների կարծիքով, սակայն, մինչ այդ կառուցապատողն արդեն ավարտած կլինի աշխատանքները։

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետարանի այս որոշումը հակաօրինական է համարում: Նա համոզված է, որ օրենքի բազմաթիվ կետեր են շրջանցվել, և հավաստիացնում է, որ բնակիչների հետ միասին շարունակելու են պայքարել, որպեսզի որոշումը չեղյալ համարվի․ - «Ժենյա Հարությունյանի կողմից շահարկվել է այն փաստը, որ իր ամուսինն ու տղան զոհվել են: Ընդ որում իրենք մի անգամ արդեն այլ տեղ ստացել են տարածք»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանն ասում է, որ ղարաբաղյան պատերազմում ընտանիքը հայր ու որդի է կորցրել, և սա նրանց ապրուստի հիմնական միջոցն է դառնալու: Վարչության պետը հաստատում է, որ տարածքը հանրային է, սակայն հավելում է, որ այն ոչ թե վաճառվել, այլ 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով է տրամադրվել․ - «Հաշվի առնելով քաղաքացու սոցիալական վիճակը, տրամադրվել ա: Կարող ա, կան ինչ-որ բաներ, որ չեն համապատասխանում: Չնայած օրենքի տառին համապատասխանում են, բայց, ասենք, ինչ-որ տեղ բնակիչներին էլ կարելի է հասկանալ: Բայց մյուս կողմին էլ կարելի է հասկանալ: Մենք վարչական վարույթ ենք հարուցել, բնակիչների հետ հանդիպել է նաև վարչական շրջանի ղեկավարը: Բայց եթե կա բողոք, բողոքը կարող է տվյալ դեպքում քննարկվել միայն դատական կարգով, որովհետև հողը ստացել ա պետական գրանցում»:

2016 թվականի բյուջեով քաղաքապետարանը նախատեսել է կանաչ տարածքների հիմնման և պահպանման համար հատկացնել 1 մլրդ 631 մլն դրամ, որից 1 միլիարդ 224 միլիոնն արդեն ծախսվել է։ «Դավիթաշեն կանաչապատում» ընկերությանն աշխատանքներ իրականացնելու համար քաղաքային բյուջեից 53 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել։

Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչների կարծիքով, այս փողերն իրականում փոշիացվում են։ Իսկ Անդրանիկ Քասարյանը հակադարձում է՝ ասելով, որ իրենք հենց վիճելի տարածքի մոտ այգի են կառուցվել, որտեղ բնակիչներն իրենց հանգիստը կարող են անցկացնել։

XS
SM
MD
LG