Մատչելիության հղումներ

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված ոչ մի զինծառայող առայժմ բուժման չի ուղարկվել արտերկիր


Ռոլանդ Սահակյանը հիվանդանոցում, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Ռոլանդ Սահակյանը հիվանդանոցում, 13-ը սեպտեմբերի, 2016թ․

Արտերկրում զինծառայողների բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները սահմանող կառավարության որոշումը ուժի մեջ է մտել մայիսի 5-ին։ Սակայն մինչև այսօր որոշմամբ սահմանված կարգով ոչ մի զինծառայող դեռ չի ուղարկվել արտերկիր բուժման։

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանը արդեն վեց ամիս գամված է անկողնուն։ Չի կարողանում տեղաշարժվել։

«Ապրիլին Սերյան Օհանյանն եկավ, ասեց, որ մենք պրոբլեմ չունենք, ինքը մեր կողքին կանգնած ա: Բայց ոնց տեսնում եք մենակ պառկած եմ մինչև հիմա։ Էդ օրվանից էլ ոչ մեկ չի եկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ռոլանդի միակ երազանքը գոնե սայլակով ինքնուրույն տեղաշարժվելն է․ - «Էնա որ դզվեմ, գնամ իմ ընտանիքի կողքին կանգնեմ։ Մերս ու հերս շատ են տանջվում»:

Արտերկրում զինծառայողների բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգն ու պայմանները սահմանող կառավարության որոշումը ուժի մեջ է մտել մայիսի 5-ին։ Սակայն մինչև այսօր որոշմամբ սահմանված կարգով ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված ոչ մի զինծառայող դեռ չի ուղարկվել արտերկիր բուժման։

Ծանր վիրավորում ստացած զինվորներից Արման Լազգիյանը և Ռուբեն Առաքելյանը մայիսին ոչ թե պետական միջոցներով, այլ տարբեր հանգանակությունների շնորհիվ կարողացան մեկնել Գերմանիա:

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը առայժմ մեկ զինվորի՝ Մհեր Պետրոսյանի մասով է եզրակացրել, որ վերջինս պետք է բուժվի արտերկրում։ Թե երբ այս զինծառայողը կմեկնի արտերկիր, ո՚չ Առողջապահության, ո՛չ Պաշտպանության նախարարությունները չհստակեցրին:

Պետրոսյանն, ի դեպ, գլխուղեղի ծանր վիրավորում ստացել էր 2013-ին՝ մարտական հենակետում:

Այս պահին զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում երկուսն են ստանում՝ Ռոլանդ Սահակյանը և Ավետիս Զարգարյանը։ Երկուսի հարազատներն էլ դիմել են Պաշտպանության նախարարություն՝ նրանց բուժումը արտերկրում շարունակելու համար։ Սակայն հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռոլանդի բուժումը կարելի է Հայաստանում իրականացնել, իսկ Ավետիսի հարցը դեռ անորոշ է։

«Ավետիսը ունի վիրահատության կարիք, որը կարող ենք նաև մենք իրականացնել: Սակայն այստեղ հարցը ոչ միայն վիրահատությունն է, այլ նաև վերականգնողական բուժումը: Եվ այդ երկիր տեղափոխման խնդիրը կայանում ա դրա մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց զինվորական հոսպիտալի բժիշկ Հրայր Աճեմյանը:

Մինչդեռ Ռոլանդը հույսը չի կորցնում, որ իրեն երկրից դուրս կտանեն․ - «Հույս ունեմ, որ մեր պետությունը մի քիչ խիղճ կունենա ու մեզ երկրից դուրս կտանի... Մի հիսուն տոկոսով գոնե․․․ Չեմ ասում՝ վազեմ, բայց գոնե կաստիլներով ես հետ գամ տուն: Ես իմ կարիքները կարողանամ հոգամ»:

Ապրիլյան պատերազմում վիրավորված մեկ այլ զինծառայող՝ Դանիել Դավթյանը վերականգնողական փուլ է անցել Կարմիր խաչի կլինիկայում։ Նրան օրերս դուրս գրել բուժհիմնարկից, սակայն տնային պայմանները Դանիելի համար լուրջ խնդիրներ են առաջացրել։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ նորից կլինիկա վերադառնալու կարիք ունի․ - «Աստիճան ա տան մի հատվածը, աստիճան հըլեն իմ համար բարդ ա: Նույնն էլ, կներեք արտահայտությանս, տուալետի համար․․․ Որ մի ձեռքս չի աշխատում, շատ վատ ա»:

XS
SM
MD
LG