Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է արագացնել Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնագրի վերջնական ստորագրումը և անցնել արդեն օրենսգրքի փոփոխմանը:

Զուրաբյանը հավելեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն հավանություն են տվել Ազգային ժողովի 5 խմբակցությունների կողմից Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնությանը։

«Համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 միլիոն դոլարը ամբողջությամբ ապահովված է և հայթայթված է: Քանի որ մենք ունենք արդեն քաղաքացիական հասարակության հավանությունը և համաձայնությունը, ես առաջարկում եմ ինչքան հնարավոր է արագ նախաձեռնել այս համաձայնագրի վերջնական ստորագրման արարողակարգը», - նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը խոստացավ արագացնել գործընթացը․ - «Իհարկե, խնդիրը կարելի է արագացնել, բայց երբ որ օրենսդրական առաջարկությունը գա Ազգային ժողով, առավել ևս՝ կառավարություն, կարգը էդպիսին է, ես կարծում եմ, իրոք դա այնպիսի օրենք է, որ պետք է մենք ավելի շտապ օրինականացնենք: Եվ կգնանք դրան անպայման»:

«Մենք տեսնում ենք, որ միասնական աշխատանքը տալիս է դրական պտուղներ», - իր հերթին ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ընտրական գործընթացները դիտարկող 4 հայտնի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ այսօր տարածած հայտարարությամբ դրական են գնահատել քաղաքական ուժերի ձեռք բերած համաձայնությունն և երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ: Միևնույն ժամանակ շեշտել են, որ նախաստորագրված փաստաթղթում ամրագված փոփոխությունները «անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են՝ երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար»։

«Ամբողջ Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր և պրոբլեմներ ունի, բայց աներկբա է, որ պետք է գնահատվի որպես դրական քայլ, և պետք է այսօրինակ համաձայնագրերը, մասնավորապես այս համաձայնագիրը ողջունվի», - ասաց «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG