Մատչելիության հղումներ

Տորոնտոյում կայացավ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան


Կադր «Խոստումը» ֆիլմից

Կադր «Խոստումը» ֆիլմից

Երկար տարիներ Հոլիվուդում աշխատող իռլանդացի ռեժիսոր Թերի Ջորջի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ անցած կիրակի օրը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Ֆիլմի ստեղծման գլխավոր նախաձեռնողն, ի դեպ, անցած տարի կյանքից հեռացած Քըրք Քրքորյանն էր: Հայազգի միլիարդատիրոջ անունը տեղ է գտել նաև «Խոստման» տիտրերում․ Քրքորյանը դրանցում հիշատակվում է որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր:

Կինոնկարի սյուժեի հիմքում Պոլսում ուսանող հայազգի բժիշկ Միքայելի, Փարիզից հայրենիք վերադարձած նկարչուհի Աննայի և ամերիկացի լրագրող Քրիսթոֆերի` 1915 թվականի իրադարձությունների ֆոնին ծավալվող բարդ հարաբերություններն են: «Հայոց ցեղասպանության Դոկտոր Ժիվագո» և «սիրային եռանկյունի»` այսպես է բնութագրում ֆիլմի սյուժեն Hollywood Reporter-ը:

Ինչպես և կարելի էր ենթադրել, Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը քաղաքական սկանդալի պատճառ դարձավ: «Երկուշաբթի օրը` ֆիլմի պրեմիերայից մի քանի ժամ անց, IMDB կայքում ավելի քան 10 հազար մարդ արդեն իսկ քվեարկել և չափազանց ցածր գնահատական էր տվել «Խոստումը» ֆիլմին: Իրականում, սակայն, քվեարկողների մեծամասնությունը չէր էլ դիտել ֆիլմը, իսկ հարձակումների պատճառը Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականությունն է», - գրում է կանադական Toronto Sun պարբերականը:

Թուրքական կողմի կոշտ արձագանքի մասին ֆիլմի ցուցադրությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսում էր նաև դրա հեղինակը` Թերի Ջորջը:

«Առկա է թուրքական կառավարության քաղաքական ազդեցությունը, որին արդեն մեկ հարյուրամյակ է ինչ հաջողվում է ժխտել տեղի ունեցածը: Այսօր այդ ժխտողականության ռազմավարական նշանակությունը թուրքերի համար առավել քան կարևոր է, դա փորձաքար է նրանց համար: Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է` լինի դա 100-րդ տարելիցը թե նման մի ֆիլմի նկարահանում, մենք դառնում ենք ժխտողականության մի իսկական տարափի ականատեսը», - նշում էր Թերի Ջորջը:

«Պատմական հետազոտությունների ճնշող մեծամասնությունը հստակորեն նշում է, որ տեղի ունեցածը հայ ժողովրդին ոչնչացնելու նախապես ծրագրված փորձ էր: Մենք պետք է վերջ տանք ուշադրություն շեղող այդ քննարկումներին` եղել է ցեղասպանություն, թե՝ ոչ, և փորձենք այս հարցերի պատասխանները գտնել՝ ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ամենը և ինչպե՞ս է հնարավոր հաշտեցնել այդ երկու ազգերին», - շեշտում էր ֆիլմի հեղինակը:

Կինոնկարի գլխավոր դերակատարը` պոլսեցի բժիշկ Միքայելի կերպարը մարմնավորած Օսկար Այզեքը նույն մամուլի ասուլիսի ժամանակ անկեղծորեն խոստովանում էր, որ մինչև ֆիլմի նկարահանումները ընդհանրապես որևէ պատկերացում չուներ 1915-ին հայերի հետ տեղի ունեցածի մասին:

«Իրականում ես ամոթալիորեն տգետ էի այս հարցում: Ինձ համար նկարահանումների պրոցեսի կարևորը մասը դարձավ Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշերի ընթերցումը», - նշում էր Այզեքը:

Վերջում, ի դեպ, հավելենք, որ «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն արդեն երկրորդ անգամն է, որ անդրադառնում է ցեղասպանությունների թեմային: Ջորջը թութսիների ցեղասպանության մասին պատմող Hotel Rwanda ֆիլմի հեղինակն է, որը մեծ էկրան բարձրացավ 2004 թվականին` հեղինակներին շուրջ 35 միլիոն դոլարի շահույթ ապահովելով:

XS
SM
MD
LG