Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի


Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ․

Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը հայտնաբերվել է, պատճառված վնասները պարզելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է այն լրագրողներին, ովքեր հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը լուսաբանել են «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկներով, դիմեն վարույթն իրականացնող մարմին՝ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով: Մասնավորապես՝ հիշյալ ապրանքանիշի տեսախցիկներով նկարահանումներ իրականացրած լրագրողները հրավիրվում են վարույթն իրականացնող մարմին՝ մասնակցելու «տեսախցիկի ճանաչման» քննչական գործողությանը, ինչպես նաև պարզաբանելու պատճառված վնասը վերականգնելու հետ կապված իրենց իրավունքներից օգտվելու կարգը:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 7 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացության կազմմամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

XS
SM
MD
LG