Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին Սիրիայի հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը


Ջոն Քերրի, Արխիվ

Ջոն Քերրի, Արխիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երեկ լրագրողների հետ հանդիպմանը Սիրիայի հակամարտող կողմերին կոչ էր արել պահպանել հրադադարը, քանի որ սա «վերջին հնարավորությունն է Սիրիայում քաղաքական գործընթացները վերսկսելու համար»։

Միացյալ Նահանգների պետքարտուղարը, ընդառաջելով Մոսկվայի պահանջին, սիրիական ընդդիմությանը ևս մեկ անգամ կոչ է արել անջատվել «Ան-Նուսրա» խմբավորումից, որը, Մոսկվայի պնդմամբ, ահաբեկչական է։

«Ան-Նուսրան» և «Իսլամական պետություն»-ը հրադադարին չեն մասնակցում, և այս երկու խմբավորումների դեմ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվել են միասին պայքարել։

Սեպտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել ավելի վաղ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկար խորհրդակցություններից հետո համաձայնեցված հրադադարի ռեժիմը, որը պետք է տևի 48 ժամ, այնուհետև ևս 5 օր, ինչից հետո իր աշխատանքները պետք է սկսի համատեղ գործադիր կենտրոնը, որի շրջանակներում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է կոորդինացնեն Սիրիայի տարածքում գործող և հրադադարին չմասնակցող ահաբեկչական ուժերի դեմ պայքարը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխանցմամբ, արդեն կա տեղեկություն, որ Սիրիայում իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է։

Քերրին պարզաբանել է, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ցույց կտա Մոսկվայի և Ասադի ռեժիմի՝ բանակցային սեղանի շուրջ նստելու մտադրության լրջությունը, և հրադադարի նպատակն է Ժնևում վերսկսել բանակցային գործընթացը։

«Սա հնարավորություն է ՄԱԿ-ի հովանու ներքո դիվանագիտական, քաղաքական գործընթաց սկսելու համար», - լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Ջոն Քերրին։

Հիշեցնենք, գարնանը հրադադարի փորձ արդեն եղել էր, սակայն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չէին կարողացել պայմանավորվել, թե Սիրիայի տարածքում գործող խմբերից որն է ահաբեկչական, իսկ որը՝ ընդդիմություն։ Չեն կարողացել պայմանավորվել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ:

Քերրին երեկ Մոսկվային կոչ է արել ստիպել Սիրիայի նախագահին պահպանել հրադադարը․ - «Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը և իմ կոլեգան առանցքային դերակատարություն ունեն և կարող են ստիպել Ասադին վերջ տալ հակամարտությանը և նստել բանակցային սեղանի շուրջը»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին Ժնևում ընդունված համաձայնագրերն ուժի մեջ են մտել, և պետք է նպաստեն սիրիական կարգավորման առաջխաղացմանը․ - «Մենք և Միացյալ Նահանգները պարտավորվում ենք անել առավելագույնը, որպեսզի հակամարտող բոլոր կողմերը կատարեն Ժնևում ընդունված փաստաթղթի կետերը: Սիրիայի ղեկավարությանը մենք արդեն տեղեկացրել ենք, և նրանք պատրաստ են կատարել այդ պայմանավորվածությունները»:

Թե ինչ են ստույգ պայմանավորվել Սիրիայի շուրջ Մոսկվան և Վաշինգտոնը, չի հրապարակվում: Լավրովը, սակայն, այսօր առաջարկել է հրապարակել փաստաթուղթը՝ նշելով, թե Ռուսաստանը «թաքցնելու բան չունի»։

Սեպտեմբերի 9-ին Ժնևում 14-ժամյա բանակցություններից հետո Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության եկան սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում․ ծրագիրը նախատեսում է պատերազմի դադարեցում, ահաբեկիչների դեմ համատեղ պայքարելու նպատակով ռուս-ամերիկյան կենտրոնի ստեղծում, մարդասիրական օգնության տրամադրման ապահովում:

XS
SM
MD
LG