Մատչելիության հղումներ

Նավասարդյան. Խոստացվող փոփոխություններով անգամ ընտրակեղծիքը բացառել հնարավոր չի լինի


«Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է՝ երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար», - ասված է քիչ առաջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ:

Ընտրական օրենսգրքի քննարկումներին հետևող հասարակական կազմակերպությունները արժեվորում են ցուցակները հրապարակելու, քվեարկության և հաշվարկի գործընթացը նկարահանելու, հեռարձակելու և այլ փոփոխություններ կատարելու կամքը, սակայն շեշտում են, որ նախ դա որևէ կերպ չի նշանակում հավանություն 2016 թվականի մայիսին ընդունված Ընտրական օրենսգրքին, բացի այդ, քաղհասարակությունը կարծում է, որ օրենսդրական փոփոխություններից հետո, անհրաժեշտ է քաղաքական կամք նաև դրանք գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի խոսքով, անգամ նոր խոստացվող փոփոխություններով ընտրակեղծիքը բացառել հնարավոր չի լինի։

«Մեկ դրույթով հնարավոր չի լուծել բոլոր հարցերը, և հայտարարության մեջ նշված է, որ «որպեսզի արդյունավետ լինեն ցուցակների հրապարակման հետ կապված մեխանիզմները, անհրաժեշտ է որպեսզի նաև սահմանափակումները, որոնք կապված են դիտորդական առաքելությունների և լրատվամիջոցների աշխատանքի հետ վերացվեն»։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ասել, որ այս Ընտրական օրենսգիրքը մի ինչ-որ առաջընթաց է նախորդի համեմատությամբ», - ասաց Նավասարդյանը։

Հայտարարության մեջ քաղհասարակության ներկայացուցիչները շեշտում են, որ չեն նախաստորագրել համաձայնագիրը:

Բորիս Նավասարդյանի խոսքով, եթե իշխանությունները ցանկանում են քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ երկխոսություն ունենալ, ապա պետք է իրենց հրավիրեն քննարկումներին:

«Պետք է լինի հստակ հրավեր, որպեսզի նաև քաղհասարակությունը կարողանա պատվիրակել իր կողմից համապատասխան կազմակերպություններին կամ անձանց, ինչպես դա եղել է գարնանը։ Բայց այդ գործընթացն ավարտվել է, այսպես կոչված, պայմանական 4+4+4-ը, և հիմա ցանկացած քաղաքացիական հասարակության կազմակերպության ներկայացուցիչ ինքը, եթե մասնակցում է քննարկումներին, ինքը մասնակցում է միայն իր անունից։ Չկա գործընթաց իրական երկխոսության հավաքական քաղաքացիական հասարակության հետ կամ գոնե այն մասի հետ, որոնք ակտիվ հետաքրքրվում են Ընտրական օրենսգրքի շուրջ զարգացումներով», - ասաց Նավասարդյանը։

Շաբաթ օրը խորհրդարանական 5 խմբակցությունները նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի վերահսկման կազմակերպման միջոցների մասին հայտարարություն են նախաստորագրել:

Ըստ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, ներկայացված փաստաթղթում ընդդիմության հիմնական պահանջներն են տեղ գտել, այդ թվում՝ ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների պաշտոնական հրապարակումը, ինչպես նաև ընտրական տեղամասերում քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը:

«Սա ընդամենը մեզ թույլ կտա վերահսկել, որ իշխանությունը էդ իր հավելագրումները չանի, բայց իշխանությունը ունի ընտրակեղծարարության երկու կարևոր ռեսուրս, որոնք սրանցով չեն լուծվում, մեկը՝ ադմինիստրատիվ ճնշումներն են, մյուսը՝ ընտրակաշառքն է։ Էս ռեսուրսը իշխանությունները դեռ ունեն, բայց, ստեղ ինչն է կարևոր, մենք հասնում ենք նրան, որ, այնուամենայնիվ, միայն կենդանի ընտրողը պետք է գա և քվեարկի, թե նրա վրա ո՞նց կազդեն մինչև գալ, քվեարկելը, մենք այդ հարցը էս մեխանիզմով չենք կարող լուծել, բայց պարզ է, որ էականորեն սահմանափակվում է իշխանության ընտրակեղծարարության ռեսուրսը, որն ամենակարևորն է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Սա ստեղծում է նոր քաղաքական մթնոլորտ, որում կարող են այդ ճնշումները չգործեն, ընտրակաշառքը չգործի»։

Ըստ քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարության, Ընտրական օրենսգրքում լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ տարածքային ցուցակները, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեությունը խոչընդոտող լրացուցիչ մեխանիզմները, որոնք էապես վտանգում են ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։

Կարևորելով առաջարկվող փոփոխությունները, Բորիս Նավասարդյանն ասում է՝ ընտրական բարեփոխումների ադրյունավետության համար անհրաժեշտ է բոլոր խնդիրներին լուծում տալ:

«Որոշակի առաջընթաց այդ առումով կա, բայց միևնույն ժամանակ դա դեռ չի նշանակում, որ Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ ընդունելի է քաղաքացիական հասարակության համար։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ ամբողջ Ընտրական օրենսգիրքը մի հատ նորից քաղհասարակության ներկայացուցիչների, փորձագետների հետ քննարկվեր և տեսնեինք՝ որտեղ, ինչ բարելավում կարող է լինել, բայց իհարկե ժամանակը բավականին քիչ է, և մենք գիտենք միջազգային կազմակերպությունների պահանջը, որպեսզի ընտրություններին շատ մոտ ժամանակներում փոփոխություններ խաղի կանոններում չլինեն։ Այնպես որ այսօրվա, դա արդեն իմ անձնական կարծիքն է, այսօրվա մինիմում ծրագիրը, որ մենք կարող ենք ակնկալել, դա այս նոր առաջարկությունների կիրառումն է այնպես, ինչպես ներկայացվել է շաբաթ օրվա հանդիպման ժամանակ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ դա դեռ վերջնական տարբերակը չէ և չի բացառվում, որ խորհրդարանում ինչ-ինչ փոփոխություններ լինեն, որոնք կնվազեցնեն արդյունավետությունը այդ դրույթների և դրա հետ մեկտեղ, կհանվեն այն լրացուցիչ սահմանափակումները, որոնք մտցվել էին ապրիլին, մայիսին, երբ որ ակտիվ քննարկման փուլ էր Ընտրական օրենսգրքի», - ասաց Նավասարդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG