Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային լրագրության կրթաթոշակ


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դիմումներ է ընդունում 2016-2017թթ․ տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:

Կրթաթոշակի նպատակն է օգնել լրագրողի մասնագիտությունն ընտրած երիտասարդներին խորամուխ լինելու իրենց մասնագիտության մեջ՝ հմտանալով բազմակարծությունն ապահովելու գործում:

Կրթաթոշակի հիմքում ընկած է հօգուտ ժողովրդավարության և մարդու իրավունքների անկախ, փաստերի վրա հիմնված լրագրությունը խթանելու՝ «Ազատության» առաքելությունը: Սա ծրագրի իրականացման երկրորդ տարին է: Այն ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով:

Հայաստան

Կրթաթոշակը տրամադրվելու է Արևելյան գործընկերության մաս կազմող երկրների քաղաքացիներին: Կտրվի մեկ կրթաթոշակ, որը ստացող անձը լրիվ աշխատանքային օրվա ռեժիմով աշխատանքի կանցնի «Ազատության» Երևանի գրասենյակում և կթողարկի ռեպորտաժներ ու մուլտիմեդիա նյութեր` «Ազատության» փորձառու մասնագետների ղեկավարությամբ և օժանդակությամբ: Ծրագրի արդյունքում կրթաթոշակառուն հնարավորություն կստանա ամրապնդել իր լրագրողական հմտությունները, հանրային հետաքրքրություն ներկայացնող ռեպորտաժներ հրապարակել, ստանալ անկախ լրատվամիջոցի դերի և գործառույթների մասին գիտելիքներ, ինչպես նաև ներդրում ունենալ Հայաստանում ազատ մամուլի զարգացման գործում:

Կրթաթոշակը տրամադրվում է 8 ամիս ժամկետով՝ 2016թ. նոյեմբերի 1-ից մինչև 2017թ․ հունիսի 30-ը: Կրթաթոշակը ներառելու է այց «Ազատության»՝ Պրահայում գտնվող կենտրոնակայան, հավելյալ մասնագիտական զարգացման նպատակով:

Կրթաթոշակառուն ծրագրի ամբողջ ընթացքում ամսական թոշակ կստանա, նրան աշխատատեղ կհատկացվի «Ազատության» Երևանի գրասենյակում, կվճարվեն Պրահա մեկնելու նրա ճանապարհածախսը և այնտեղ մնալու հետ կապված ծախսերը:

Ինչպես դիմել

Ծրագրին դիմելու համար հարկավոր է մինչև 2016թ․ սեպտեմբերի 28-ը hokuvovaj@rferl.org հասցեով ուղարկել․

- Նամակ մտադրությունների մասին, որը պետք է ներկայացնի դիմորդի ակնկալիքները ծրագրից, նրա լրագրողական փորձը, որի հիման վրա որոշում կկայացվի նրա մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև դիմորդի մասնագիտական նպատակները կրթաթոշակային ծրագրի ավարտից հետո:

- Ինքնակենսագրական՝ CV, որը պետք է ներառի աշխատանքային փորձը, կրթությունը և լեզվական ունակությունները (անգլերենի վարժ իմացությունը պարտադիր պայման չէ):

- Անցած 12 ամիսներին հրապարակված լրագրողական աշխատանքի երկու նմուշօրինակ:

Դիմումի ներկայացումից զատ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցի անձամբ, կամ Skype-ի/հեռախոսի միջոցով:

Ընտրությունը

Ընտրվելու դեպքում հաջողակ դիմորդին այդ մասին տեղյակ կպահեն 2016թ. հոկտեմբերի 14-ին:

Հարցերի համար կարող եք դիմել hokuvovaj@rferl.org հասցեով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG