Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբան․ Համաներումը իշխանության համար լարվածությունը մեղմելու հիանալի առիթ է


Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, արխիվ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, արխիվ:

Ազատությունից զրկված ընդդիմադիր գործիչների փաստաբաններն ու հարազատները հայտարարում են, որ Անկախության 25-ամյակի կապակցությամբ ակնկալվող համաներումը իշխանության համար երկրում առկա լարված իրավիճակը մեղմելու և սեփական հեղինակությունը փրկելու հիանալի առիթ է։

Ոստիկանին հարվածելու մեղադրանքով արդեն 9 ամիս կալանավորված Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է, թե ընդդիմադիր ակտիվիստին ազատ արձակելու այլընտրանք իշխանությունները չունեն:

Փաստաբանի խոսքով, նախաքննությունն ու դատավարության ընթացքը վկայեցին, որ Սաֆարյանը քաղաքական հայացքների համար է հայտնվել ճաղերի հետևում․ - «Սա միակ միջոցն է, որ ինչ-որ ձևով իշխանությունը դուրս գա այս թե՛ աղմկալից, թե՛ ծիծաղելի իրավիճակից՝ ինչ-որ ձևով դեմքը մի թեթև պահելով»:

Հնարավոր համաներման մասին իշխանության ներկայացուցիչներն առայժմ լռում են, մինչդեռ մամուլը վերջին շրջանում ակտիվորեն շրջանառում է այս հարցը։

Համաներման նախագծերը, որպես կանոն, մշակվում են նախագահի հանձնարարությամբ, և մինչև խորհրդարան ուղարկվելը դրա տեքստը գաղտնի է պահվում։

Համաներման հարցն օրեր առաջ քննարկվել է Հանրային խորհրդում։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Անկախության 25-ամյակին ակնկալվող համաներումը կտարածվի նաև հուլիսյան հայտնի դեպքերի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա։

Ոստիկանության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված է նաև Կարո Եղնուկյանը։ Տիգրան Հայրապետյանը պնդում է, որ «մեղադրանքի հիմքում ծիծաղելի հիմնավորումներ են դրվել», և համաներմամբ նախաքննական մարմինը կարող է դուրս գալ ամոթալի իրավիճակից․ - «Վարույթն իրականացնող մարմինը պետք է ապացուցի, որ Կարո Եղնուկյանը դա արել է, և երկրորդը, նա պետք է ապացուցի, որ այդ անելով՝ նա օժանդակել է «Սասնա ծռեր»-ի տղաներին: Որը նույնպես անլուծելի խնդիր է: Ինձ թվում է, բոլոր էդ օժանդակողների մասով ևս լավ, հարմար պահ է, որպեսզի նախաքննությունը դուրս գա էս իրավիճակից»:

Համաներումը ոչ թե հնարավոր, այլ անհրաժեշտ է համարում 2013-ին «Արժեքների հեղափոխության» փորձից հետո 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Նրա համոզմամբ՝ վաղուց արդեն ժամանակն է, որ Շանթն ու ընկերները ազատության մեջ հայտնվեն․ - «Իրենք քաղբանտարկյալներ են: Ինձ համար, համենայն դեպս, և շատ-շատերի համար: Այդ անձինք արդեն իսկ երեք տարի անհիմն գտնվում են կալանքի տակ, ազատազրկման վայրերում: Իրենց գործերն ուղարկված են Եվրոպական դատարան: Բայց, միևնույն ժամանակ, իշխանությունները նրանց մեղադրեցին և այնուհետև մեղադրական դատավճիռ եղավ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածները ընկնում են համաներման տակ»:

Հնարավոր համաներման հետ հույսեր է կապում նաև 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը։ Պահեստազորի գնդապետը խարդախության մեղադրանքով ճաղերի հետևում հայտնվեց ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման ու իշխանափոխության պահանջով հանրահավաքներից հետո։

«Ինձ թվում ա, որ ըտեղ խնդիր չունի ինքը: Պետք է որ ազդի: Պետք ա խիղճ ունենան, որ արդեն բաց թողեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղրամյանը:

Հիմնադիր խորհրդարանի երեք առանցքային անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի ու Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքով, համաներումն իրենց համար ընդունելի կլինի, եթե այն կիրառվի առանց որևէ նախապայմանի․ - «Բնականաբար Գևորգ Սաֆարյանը չի ընդունի էսպիսի համաներումը, որովհետև նա իրեն համարում է հենց քաղբանտարկյալ․․․ նա չի կատարել որևէ գործողություն, սակայն արդեն 9 ամիս է ճաղերի հետևում է: Բարի կամքը պետք է լինի միակողմանի: Անկախ նրանից, թե կողմը ընդունում է իր մեղքը, չի ընդունում իր մեղքը՝ համաներումը պետք է կիրառվի իր նկատմամբ»:

Փաստաբանները հուսով են, որ վաղը մեկնարկող ԱԺ-ի աշնանային նստաշրջանում որոշակի հստակեցում կմտցվի համաներում հայտարարելու հարցում։

XS
SM
MD
LG