Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը նախաստորագրված փաստաթղթի վերաբերյալ իր կարծիքը կհայտնի այսօր երեկոյան


Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, արխիվ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, արխիվ

Ըստ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի, քաղաքացիական հասարակությունն այսօր երեկոյան հայտարարություն կտարածի, որում իր միասնական կարծիքը կհայտնի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ շաբաթ օրը իշխանության և ընդդիմության միջև նախաստորագրված փաստաթղթի մասին։

«Քաղաքացիական հասարակությունն այս պահի դրությամբ քննարկում է հայտարարության նախագիծ, որը առաջիկայում կհրապարակվի, մեծամասամբ, դրա վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն, որոշ դետալներ են հստակեցվում և առաջիկայում այն կհրապարակվի՝ քաղհասարակության միասնական կամ ընդհանրական դիրքորոշումն այդ փաստաթղթի վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զեյնալյանը, ով շաբաթ օրը քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ ներկա է եղել հանդիպմանը:

Իրավապաշտպանի խոսքով, որոշ պահանջներ, որոնք դրվել են քաղաքացիական հասարակության, ժողովրդի, բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից, ըստ էության, ընդունվում են։ «Այդ հայտարարության մեջ, այն ինչ-որ նախաստորագրվել է, դրանք ներառված են», - ասաց Զեյնալյանը։

Ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղհասարակությունն իր ստորագրությամբ միանա այդ ֆորմատին, իրավապաշտպանը պատասխանեց. - «Քաղաքացիական հասարակությունը հանդես կգա իր հայտարարությամբ»։

Քաղաքական ուժերի հանդիպմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շաբաթ օրը փաստաթուղթը չեն ստորագրել՝ նշելով, որ չեն կարող հանդես գալ ողջ քաղհասարակության անունից, և նախաստորագրված տեքստի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում կհայտնեն ավելի ուշ:

Մատնահետքերով վերահսկողական մեխանիզմների ներդրումը, որի շուրջ համաձայնություն էր կայացվել իշխանության և ընդդիմության միջև, ձախողվեց, դրանից հետո կրկին մեկնարկած բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 10-ին նախաստորագրվեց նոր փաստաթուղթ։ Վերջնական ստորագրության համար, ըստ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի, անհրաժեշտ է նաև քաղաքացիական հասարակության հավանությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» ծրագրում Զուրաբյանն ասաց, որ նախաստորագրված փաստաթղթով ստեղծվել են կարևոր երաշխիքներ, որ Հայաստանում բացառվի՝ «կեղծ ընտրողների» քվեարկությունը:

«Սա ընդամենը մեզ թույլ կտա վերահսկել, որ իշխանությունը էդ իր հավելագրումները չանի, բայց իշխանությունը ունի ընտրակեղծարարության երկու կարևոր ռեսուրս, որոնք սրանցով չեն լուծվում, մեկը՝ ադմինիստրատիվ ճնշումներն են. մեկին լավություն են անում, մեկին վախացնում են պետական մարմինները, որ գնա քվեարկի, մյուսը՝ ընտրակաշառքն է, որ շահագրգռում են՝ կամ նորից կրիմինալի կողմից են ինչ-որ ձևով ազդում և այլն, և այլն։ Այս ռեսուրսները իշխանությունները դեռ ունեն, բայց ստեղ ինչն է կարևոր, մենք հասնում ենք դրան, որ, այնուամենայնիվ, միայն կենդանի ընտրողը պետք է գա և քվեարկի, թե նրա վրա ո՞նց կազդեն մինչև գալ, քվեարկելը, մենք այդ հարցը էս մեխանիզմով չենք կարող լուծել, բայց պարզ է, որ էականորեն սահմանափակվում է իշխանության ընտրակեղծարարության ռեսուրսը, որն ամենակարևորն է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Սա ստեղծում է նոր քաղաքական մթնոլորտ, որում կարող են այդ ճնշումները չգործեն, ընտրակաշառքը չգործի։ Մենք դրա էլեմենտներն արդեն հանրաքվեի ժամանակ տեսանք. հանրաքվեի ժամանակ շատ մարդիկ ընտրակաշառք են վերցրել, բայց գնացել են «ոչ» են քվեարկել, պրոցեսը շատ տեղերում իշխանության վերահսկողությունից դուրս էր»։

Զուրաբյանի համոզմամբ, եթե այս մեխանիզմներն իրագործվեն, դա կստեղծի նոր մթնոլորտ և անգամ կսահմանափակի ադմինիստրատիվ ռեսուրսի և ընտրակաշառքի ազդեցությունը։

XS
SM
MD
LG