Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Տավուշի Նավուր ու հարակից գյուղերի բնակիչների, անհայտ ծագման կերի պատճառով տասնյակ խոզեր են սատկել։

Գյուղացիներն ասում են՝ խոզերն իրենց ապրուստի հիմնական միջոցն են։ «Ամիսների աշխատանքը ջուրն ընկավ», - դժգոհեց նավուրցի Ալվարդ Փալանդուզյանը. - «1 միլիոն 500 հազար դրամ տվել ենք, կեր առել Բերդում, խոզերը սկսեցին սատկել մի հարյուրից ավել»։

«Ազատության» զրուցակիցներից մեկն էլ հավելեց, որ տարածքում ոչ մի կենդանի խոզ չի մնացել։

Գյուղացիներն ասում են, թե սկզբում կարծել են, որ համաճարակ է, հետո, երբ միսը Բերդ քաղաքում ու Երևանում լաբորատոր փորձաքննության է ուղարկվել, պարզվել է, որ կերային թունավորում է։

«Դեղերի վրա 100 հազար դրամից ավել գումար ծախսեցիք, բայց չօգնեց», - ասացին նրանք՝ հավելելով. - «Դեռ գնած կերի պարտքն էլ չենք մարել»։

Գյուղացիներն ասում են, որ իրենց խնդրի հետ մենակ են մնացել. վարկեր ու պարտքեր են վերցրել, սակայն հիմա դրանք չեն կարողանալու մարել։ «Հենց սկզբից 2 միլիոն պարտք ենք վերցրել, ուրիշ աշխատանք չունենք՝ մտածելով, որ անասնապահությամբ կկարողանանք մեր երեխեքին օգնենք։ 1 միլիոնի մայր խոզ եմ վերցրել, 1 միլիոնին էլ խոշոր եղջերավոր եմ վերցրել, ու հիմա եկել եմ փաստի առաջ կանգնել ինչ-որ մարդկանց պատճառով, որ մեզ թունավոր կեր են իրացրել», - ասաց զրուցակիցներից մեկը։

Գյուղացիներն ասում են, որ մի քանի ամիս սարում են ապրում ու ծանր աշխատանք կատարում, սակայն եկամուտ այդպես էլ չեն կարողանում ստանալ։

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փոխանցում է, որ վրացական ծագման կերը օրերս նմուշառվել և լաբորատոր փորձաքննության է ենթարկվել։ Դրա վաճառքը Բերդ քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է։

Գյուղացիներին, սակայն, այս պատասխանը չի գոհացնում, նրանք համապատասխան փոխհատուցում են պահանջում, նաև ոստիկանություն են դիմել։ «Գոնե մեր վնասը՝ գինը, որ ծախսել ենք՝ առած կերի ու անասունի, փոխհատուցեն։ Շուտով վարկերի փակելու օրն է, չգիտենք, թե ինչ պետք է անենք», - ասացին գյուղացիները։

XS
SM
MD
LG