Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության դրդապատճառը պանթուրանիզմն էր, ոչ թե իսլամը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:

Պրոֆ. Ռիչարդ Ռուբինշտեյնը իր «Հայոց ցեղասպանությունը որպես ջիհադ» զեկույցում հայերի զանգվածային սպանությունները վերագրում է քրիստոնյաների դեմ իսլամական մոլեռանդությանը: Սա հաճախ թյուրըմբռնված թեմա է նույնիսկ հայերի կողմից, որոնք հպարտությամբ հայտարարում են, որ իրենք առաջին ազգն են, որ քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին: Այս թյուրըմբռնման հիման վրա ստեղծվել է մի ամբողջ բանահյուսություն, որ հայերը նահատակվել են իրենց հավատքի համար և կրոնափոխությունը մերժելու պատճառով: Հաշվի առնելով ներկայիս հակաիսլամական մոլուցքը Միացյալ Նահանգներում և այլուր, որոշ մարդիկ ապակողմնորոշվում են այս սխալ պնդումներով:

Պրոֆ. Ռուբինշտեյնն իր ելույթն սկսում է սխալ հիմնավորմամբ, երբ նկարագում է մի զարհուրելի տեսարան Հոլիվուդում 1919 թ. նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմից, որը ցուցադրում է փայտե խաչերին գամված մի քանի մերկ հայ կանանց: Համարելով, որ «թուրքերը» մտադիր էին նման սարսափելի տեսարաններով որոշակի հակահայկական և հակաքրիստոնեական ուղերձ հղել, պրոֆ. Ռուբինշտեյնը սխալմամբ պնդում է, որ այդ ֆիլմը «չէր կարող նկարահանվել առանց թուրքական իշխանությունների ներգրավման և համաձայնության»:

Պրոֆ. Ռուբինշտեյնը Հայոց ցեղասպանության կրոնական շարժառիթի իր ենթադրությունները հիմնավորում է այն հանգամանքով, որ «Օսմանյան կայսրությունը կառավարվում էր որպես կրոնապետական (թեոկրատական) պետություն, որի գլխին կանգնած էր սուլթանը՝ միաժամանակ որպես պետության և սուննի մահմեդականների ղեկավար՝ խալիֆ, որպես այդպիսին՝ Մարգարեի իրավահաջորդ և իսլամի բարձրագույն պաշտպան»:

Պրոֆեսորը պնդում է Հայոց ցեղասպանության կրոնական պատճառական գործոնի վրա՝ նույնիսկ հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանից մեջբերում անելուց հետո, որը հակասում է իրեն: Ըստ Տատրյանի՝ «Միություն և առաջադիմություն» կամ «Իթթիհատ» կոմիտեի անդամները, որոնք իշխանության եկան 1908 թվականին և կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, չեն եղել «իսլամի սկզբունքների» հետևորդներ.... Մինչ «Իթթիհատը» շարունակում էր պետությունը ղեկավարել հիմնականում որպես կրոնապետություն, նրա առաջնորդները անձամբ աթեիստներ և ագնոստիկներ էին»: Դժվար է հավատալ, որ բարեպաշտ մահմեդականը կարող էր սպանել որևէ մարդ արարածի, չխոսելով արդեն միլիոնավոր մարդկանց մասին...

Դոկտ. Ռուբինշտեյնն ընդգծում է իսլամի գլխավոր դերը թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի մեջ, թեև նա ընդունում է, որ «[Ռոնալդ] Սունին և այլ մասնագետներ պնդել են, որ արյունահեղ միատարրության հիմնական դրդապատճառը եղել է ազգայնականությունը, և կասկած չկա, որ մեծ դեր է խաղացել արմատական ազգայնականությունը»: Ռուբինշտեյնը անտեսում է պանթուրքական ազգայնականության հարցը, պնդելով, որ ««էթնիկ զտումների» ծրագրերի համար ամենակարևոր շարժառիթը եղել է կրոնական, և հատկապես իսլամի որոշ ասպեկտների անփոփոխ բնության հետևանք»:

Ցույց տալու համար, որ թուրք ղեկավարների ծրագրերում հիմնական որոշիչ գործոնը եղել է կրոնը, պրոֆ. Ռուբինշտեյնը ասում է. - «1914 թ. նոյեմբերի 2-ին, Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և նրանց դաշնակիցներին: Նոյեմբերի 13-ին, օսմանյան սուլթանը, որպես խալիֆ, հանդես եկավ ջիհադի կոչով: Հաջորդ օրը, Մուսթաֆա Հայրի բեյը՝ շեյխ-ուլ-իսլամը և որպես այդպիսին՝ օսմանյան աշխարհում սուննի կրոնական իշխանության առաջնորդը, պաշտոնական (և հրահրիչ) ջիհադ հայտարարեց «ընդդեմ անհավատների և իսլամի թշնամիների»: Ջիհադի գրքույկները արաբերենով բաժանվեցին նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի մզկիթներում, դրանք պարունակում էին գործողությունների մանրամասն ծրագիր «անհավատների» սպանության և բնաջնջման համար, բացառությամբ Գերմանիայի՝ պատերազմի ժամանակ կայսրության դաշնակցի քաղաքացիների: Մահվան ջոկատները և դրանց ղեկավարները «ոգևորված էին ջիհադի գաղափարախոսությամբ և եվրոպական ազգայնականության ազդեցությունը կրող պանթուրքիզմով»: Չնայած ջիհադի գործնական ազդեցությունը զանգվածների վրա սահմանափակ էր՝ «այն ավելի ուշ դյուրացրեց հայ ժողովրդի դեմ կառավարության իրականացրած ցեղասպանության ծրագիրը»:

Պրոֆ. Ռուբինշտեյնը չի ըմբռնում այն տեսակետը, որ կրոնական մոլուցքը ավելի շուտ շահարկվում էր մոլեռանդ թուրք խուժանի կրքերը բորբոքելու համար՝ նրանց հրահրելով հայերի դեմ, քան հանդիսանում էր Հայոց ցեղասպանության պատճառ:

Կրոնի փոխարեն, հայերի ոչնչացման առաջնային դրդապատճառ եղել է նրանց վերացումը որպես թուրքացման արգելակ և խոչընդոտ՝ մինչև Կենտրոնական Ասիա հասնող պանթուրանական կայսրության հաստատման թուրք ղեկավարների մեծ ծրագրի: Չնայած մահմեդական լինելուն՝ նաև բազմաթիվ քրդեր են սպանվել միայն այն պարզ պատճառով, որ նրանք թուրք չէին…

Քրիստոնյա հայերը երբեք խնդիր չեն ունեցել բարեպաշտ մահմեդականների և նրանց դավանանքի հետ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածներ ապաստան են գտել մահմեդականների մոտ՝ Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում: Հայերը լավ են հիշում Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիին, որը 1917 թ. հրաման արձակեց՝ պարտավորեցնելով մահմեդականներին պաշտպանել ցեղասպանության հայ վերապրածներին այնպես, ինչպես կպաշտպանեն իրենց սեփական ընտանիքները:

Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG