Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ «Եթե սկզբունքորեն չես տարանջատում քաղաքական իշխանությունը բիզնեսից, ոչ մի բան չի փոխվելու»


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի եթերում, 11-ը սեպտեմբերի, 2016թ․

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն TV»-ի եթերում, 11-ը սեպտեմբերի, 2016թ․

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում Հայաստանի վարչապետի պաշտոնում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու Կարեն Կարապետյանի հետ հույսեր չեն կապում: Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է, որ իշխանությունները նոր դեմք բերելով փորձում են ժողովրդին համոզել, թե փոփոխություններ են լինելու, մինչդեռ դա սուտ է, և ժողովրդի մեծ մասը հասկանում է, որ դա հնարք է:

Ընդդիմադիր գործիչը պնդում է, որ Կարապետյանը արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից ոչնչով չի տարբերվում, քանի որ նրա ընտանիքն էլ բիզնես շահեր ունի Հայաստանում:

«Կոնկրետ այն երկրում, որը հանձնվելու է իր կառավարման՝ վարչապետի կարգավիճակով, ունի բազմաթիվ բիզնեսներ, բազմաթիվ հետաքրքրություններ», - հայտարարեց Զուրաբյանը «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի» հաղորդման ժամանակ՝ շարունակելով․ - «Հիմա Դուք ինձ ասեք՝ որևէ մեկը Հայաստանում կհավատա՞, որ իր ղեկավարած կառավարությունը, ասենք, եթե պետք լինի, եթե այդ բիզնեսների կողմից ինչ-որ չարաշահումներ լինեն, կամ ինչ-որ արտոնություների հետ կապված խնդիր լինի, այդ կառավարությունը շատ կոշտ կվարվի այդ բիզնեսների հետ․ բացարձակապես, բնականաբար, ոչ ոք նման հավատ չունի, չի էլ կարող լինել: Ինքնին շահերի բախումը արդեն վտանգի աղբյուր է, էլ չենք խոսում, որ պարզ է, որ շարունակվելու է նույն հովանավորչությունը»:

«Այսինքն, եթե էապես, սկզբունքորեն չես տարանջատում քաղաքական իշխանությունը բիզնեսից, ոչ մի բան չի փոխվելու», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Բերելով եվրոպական երկրների օրինակը՝ նա նշեց․ - «Տեսեք, եվրոպական երկրներում ովքեր են վարչապետները՝ մարդիկ են, որոնք բիզնեսի հետ ոչ մի կապ չունեն, նրանք ամբողջ իրենց կյանքը զբաղվել են օրենսդրական աշխատանքով, քաղաքական աշխատանքով, և այլն, և այլն: Բիզնեսմեննեըը իշխանության մեջ չպիտի լինեն, բիզնեսմենները պետք է ծաղկող երկրում ծաղկեցնեն բիզնեսը, իսկ քաղաքական իշխանության նպատակը պետք է լինի ստեղծել բիզնեսի համար, ընդ որում՝ հավասարապես բոլորի համար, շատ լավ, նպաստավոր պայմաններ»:

Կառավարության վերջին նիստի ժամանակ իր հրաժարականի մասին հայտարարելիս Հովիկ Աբրահամյանի արած պնդումները Զուրաբյանը «ուղղակի բլեֆ» որակեց․ - «Ո՞ւմ են ուզում խաբել այդ թվերով: Ակնհայտ է, որ, նախ, մենք մեր վիճակագրական տվյալներին չենք հավատում, բացարձակապես չենք հավատում, որովհետև վիճակագրական տվյալները բերում են, որ, ասենք, մեծ աճ է համախառն ներքին արդյունքի, բայց, չգիտես ինչու, հարկերը ավելի քիչ են հավաքվում: Երբ որ ասում ես՝ դա ինչի՞ հետ է կապված, ասում են՝ որովհետև աճը եղել է այն բնագավառներում, որոնք չեն հարկվում, կամ, ասենք, գյուղատնտեսության, չգիտեմ ինչ, և այլն, և այլն, իսկ մեթոդիկան, որով դա գնահատվում է, բացարձակապես ո՛չ ստուգված է, ո՛չ ընդհանրապես թափանցիկ է»:

«Այսինքն՝ խոսքը գնում է ընդամենը ինչ-որ հռչակումների մասին, իսկ ռեալ կյանքում մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում՝ երկիրը կամաց-կամաց գնում է դեպի կոլապս», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Տնտեսագետ․ «Մեքենան ինքը խարխուլ է»

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը, իր հերթին, համոզմունք հայտնեց, որ Հայաստանում առանց խորքային փոփոխությունների, այսինքն՝ միայն վարչապետի փոփոխությամբ, ոչինչ չի փոխվի:

Նրա կարծիքով, իշխանությունները, հնարավոր է, ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանի նշանակմամբ փորձում են վստահություն վերականգնել:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը «Ազատություն TV»-ի եթերում, 11-ը սեպտեմբերի, 2016թ․

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը «Ազատություն TV»-ի եթերում, 11-ը սեպտեմբերի, 2016թ․

«Պատկերավոր եթե ասեմ՝ Հայաստանում վարչապետությունը նմանեցնում եմ ինչ-որ խարխուլ մեքենայի վրա վարորդություն անող մարդկանց, այսինքն՝ մեքենան ինքը խարխուլ է, հետո վարորդը գալիս է մեկը՝ գրագետ վարորդ է, հետո նա գնում է, տեղը գալիս է ճարպիկ վարորդ, հետո գալիս է միջին՝ մի քիչ գրագետ, մի քիչ ճարպիկ, բայց մեքենան ինքը երկու կիլոմետր գնալուց հետո կարիք է լինում կանգնել ու ինչ-որ բան, չգիտեմ, յուղ ավելացնել, կամ ինչ-որ մի դետալ միացնել, որ ինքը աշխատի», - նշեց տնտեսագետը՝ հավելելով․ - «Այսինքն, այս պայմաններում այդ մեքենան կա՛մ պետք է փոխվի, կա՛մ պետք է կապիտալ վերանորոգվի, որպեսզի հաջորդ վարորդները արդեն կարողանան նորմալ վարել»:

Կոնկրետ Կարեն Կարապետյանի առաջիկա նշանակմանն անդրադառնալով՝ Թունյանը համոզմունք հայտնեց, որ մինչև խորքային փոփոխություններ չլինեն, նրա աշխատանքը ռեալ արդյունք չի կարող բերել:

«Չգիտեմ, միգուցե սա ինչ-որ ժամանակավոր էտապ է՝ մինչև ընտրությունները գոնե ինչ-որ չափով վստահությունը վերականգնել, գոնե ցույց տալ, որ «մենք պատրաստ ենք ինչ-որ բան անել», որ ընտրությունների ժամանակ էլ ասեն՝ «տեսեք, մենք այսքանը արել ենք, հիմա պատրաստ ենք ավելին անելու, մեզ շանս տվեք»», - նշեց տնտեսագետը:

Թե ինչ կարող է անել նոր վարչապետը՝ այդ առնչությամբ Թունյանը ասաց․ - «Դա ես դժվար եմ պատկերացնում: Ամենաճիշտ, ամենաառաջին քայլը, նախ, թիմ հավաքելն է՝ նորմալ թիմ, երկրորդը ՝ պետք է հասկանալ, թե մենք ուր ենք գնում, այսինքն՝ ինչ նպատակի ենք գնում: Որովհետև մեզ մոտ այնպես է ձևավորվել, որ մեր կառավարությունները աշխատում են այսօրվա օրով՝ «էսպես անենք՝ վիճակը նորմալ լինի, մեկից վարկ վերցնենք՝ բյուջեի ծակերը փակենք», բայց մենք հեռահար նպատակ չունենք: Չնայած ունենք տարբեր ծրագրեր, բայց մենք չգիտենք, ասենք, մենք տասը տարի հետ ինչ տնտեսություն ենք ունենալու, էլ չեմ խոսում՝ 50 տարի հետո: Այսինքն՝ մի հատ պետք է մեր ուժեղ ու թույլ կողմերը օբյեկտիվորեն հասկանալ, մեր խնդիրները հասկանալ, ինչ-որ զրոյական կետից դնել ու գնալ առաջ»:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 11-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG