Մատչելիության հղումներ

logo-print

«Համախմբում»-ը չի կարողացել Վանաձորում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալ


Վանաձոր

Վանաձոր

Հայ Ազգային կոնգրեսը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է ոլորտ առ ոլորտ բարեփոխումներ իրականացնել: Լրագրողների հետ հանդիպմանը այսօր կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը պնդեց՝ իշխող կուսակցության ղեկավարության օրոք տարբեր ոլորտներում հետընթաց է արձանագրվել: Մանուկյանը շեշտեց՝ իրավիճակը չի փոխվի, եթե իշխանափոխություն չլինի:

«Իմ ակնկալիքներն ամենևին ավագանու անդամ ունենալը չի, սա քաղաքական ընտրություն է և խորհրդարանական ընտրություններից առաջ ռեյտինգային ընտրություն է։ Եվ մենք գնում ենք կռիվ տալու Հանրապետական կուսակցության հետ, ով էս չարիքի աղբյուրն է, և ոչ մի խնդիր չի լուծվելու, եթե Հանրապետական կուսակցությունը մնաց», - ասաց Մանուկյանը։

Կուսակցության ցուցակում քաղաքապետի թեկնածու Ռուբեն Ոսկանյանն իր հերթին Վանաձորի մի շարք խնդիրներ թվարկեց և ասաց, որ աշխատելու են դրանց լուծման ուղղությամբ:

Ընդդիմադիր կուսակցության անդամները նշեցին, որ քարոզարշավի ընթացքում բակ առ բակ են շրջելու, որպեսզի անձամբ հանդիպեն բնակիչներին ու ներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, իսկ քարոզարշավի վերջին օրերին նախատեսում են մեծ հանրահավաք անցկացնել:

Քարոզարշավի առաջին օրը հանրահավաքով մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Կուսակցության ներկայացուցիչները ուրբաթօրյա հանրահավաքին խոստացան ընտրվելու դեպքում հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար:

Կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն իր ելույթի ընթացքում ծրագրային դրույթներից մի քանի կետ առանձնացրեց, դրանցից մեկը մասնավորապես վերաբերում էր Վանաձորը տարածաշրջանային հանգույց դարձնելուն:

Ի տարբերություն ՀԱԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի «Համախմբում» կուսակցությանը չի հաջողվել հանրային հավաք անցկացնելու թույլտվություն ստանալ, քանի որ, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության քաղաքապետի թեկնածու Վահան Ղույումչյանը, իշխող կուսակցությունն արդեն իսկ զբաղեցրել է քաղաքի կենտրոնական հրապարակն ու այգին քարոզարշավի գրեթե բոլոր օրերին:

«Դիմել ենք ամսի 16,17, 18-ին ցանկացած օրը, որը իրենք կառաջարկեն, դիմել ենք ամսի 30-ի համար, 22, 23, 24, 25, 26-ի համար, փաստորեն մեզ ասում են, որ այդ բոլոր օրերում ՀՀԿ-ն ներկայացրել է առավոտից իրիկուն», - ասաց Ղույումչյանը։

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող նոտար Մամիկոն Ասլանյանը «Ազատության»-ը միայն փոխանցեց, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում:

XS
SM
MD
LG