Մատչելիության հղումներ

Գյումրիում ավագանու թեկնածուները շարունակում են ինքնաբացարկ ներկայացրել


Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Գյումրիի քաղաքապետարանի շենքը

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից 4-ի ցուցակներում կան փոփոխություններ: Ավագանու անդամի 9 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արդեն նախկին թեկնածուներն իրենց դիմումները հիմնականում սոցիալական բնույթի խնդիրներով են բացատրել:

«Դա ավելի շատ կապված է ընտանեկան, սոցիալական խնդիրների հետ, քաղաքական խնդիր չկա։ Իրենց դիմումներում նման խնդիրներ չեն նշվել», - ասաց Բաղրամյանը։

Նշենք, որ ինքնաբացարկի դիմում ներկայացրածների մեջ հանրությանը հայտնի անուններ չկան: Օրինակ, այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկին թեկնածուն խոպան է գնալու: «Վերջին դիմումը ստացվել է քիչ առաջ, «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամ Արա Ամրոյանին, դիմումում նա նշում է, որ տալիս է ինքնաբացարկը՝ Ռուսաստան աշխատանքի մեկնելու համար», - ասաց Բաղրամյանը։

Այս պահին ավագանու 33 տեղի համար պայքարում է 413 թեկնածու: Առաջատարը Հանրապետականի ու Քրիստոնեադեմոկրատների «Բալասանյան» դաշինքն է՝ 96 թեկնածու, 2-րդ տեղում «Հայկական վերածնունդն» է՝ 87 թեկանածու և եռյակը եզրափակում է «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 47 թեկնածուով:

«Մենք թեկնածուների կողմից տրված ընդամենը ունենք 9-ը ինքնաբացարկ, երեքը՝ «Բալասանյան» դաշինք, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, 3-ը՝ «Հայկական վերածնունդ» և մեկը՝ «Ալյանս» կուսակցություն», - ասաց Բաղրամյանը։

Կուսակցությունները, նաև ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրեր են ներկայացրել: Ամենատպավորիչ հայտարարագրերը ներկայացրել են կուսակցական ցուցակների առաջին համարները:

Գործող քաղաքապետ, «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը հայտարարագրել է 3 հազար 900 քառակուսի մետր անշարժ գույք Գյումրիում, Ազատան համայնքում 3 հազար 200 քառակուսի մետր շինություն և 2 հեկտարից ավելի հողամաս:

Ազգային ժողովի և Գյումրիի քաղաքապետի վերջին ընտրություններին, հիշեցնենք, Բալասանյանը «Մոսկվիչ» մակնիշի մեքենա էր հայտարարագրել, որն այս տարի բացակայում էր հայտարարագրից: Գյումրիի քաղաքապետը 3 միլիոն 600 հազար աշխատավարձն է հայտարարագրել, ևս 2 միլիոն 900 հազար դրամ և 13 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոց:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանը հայտարարագրել է 3 բնակարան Երևանում, ևս մեկը՝ Գյումրիում, մոտ 6 միլիոն 500 հազար դրամ Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում ստացած աշխատավարձը և 4 միլիոն դրամից քիչ ավելի ավանդ:

«Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկը՝ Երևանում, մյուսը՝ Գյումրիում և մեկ ավտոմեքենա: ԱԺ-ից ստացած աշխատավարձը կազմել է 7 միլիոն 450 հազար դրամ, նա ևս 3 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ է հայտարարագրել:

«Գալա» կուսակցության առաջին համարը զբաղեցնող Վահան Խաչատրյանը հայտարարագրել է սպասարկման սրահ և հողամաս Երևանում, 2 բնակարան, արտադրամաս և հողամաս Գյումրիում: Շարժական գույք չունի: Եկամուտը նրան պատկանող «ՉԱՊ քեմիքլ» ընկերությունից է, սակայն գումարը նշված չէ: Խաչատրյանը հայտարարագրել է 13 միլիոն դրամ դրամական միջոցներ:

Դաշնակցության քաղաքապետի թեկնածու Աշոտ Կուրղինյանը 4 բնակարան, 1 ավտոմեքենա է հայտարարագրել: Եկամուտը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի աշխատավարձն է՝ շուրջ 17 միլիոն դրամ և 250 հազար դրամ դրամական միջոց:

«Համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Ասոյանը հայտարարագրել է 2 բնակարան, մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Երևանում, 2 հողամաս, 4 ավտոմեքենա և իր ղեկավարած ՀԺՀ ընկերությունից ստացած 680 հազար դրամ աշխատավարձը:

«Գյումրեցու ոգի» կուսակցության առաջին համարը՝ Արմեն Ներսիսյանը, հայտարարագրել է 1 բնակարան և, որպես եկամուտ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտից շուրջ 2 միլին դրամ և Ակադեմիական վարժարանից ստացած մոտ 390 հազար դրամ աշխատավարձը: Դրամական միջոց հայտարարագրել է 150 հազար դրամ:

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Արթուր Համբարձումյանը 1 բնակարան, 1 առանձնատուն է հայտարարագրել: Քանի որ չի աշխատում, եկամուտ չունի, սակայն 12 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոց ունի:

«Ալյանս»-ի թեկնածու Արմեն Բադալյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 ավտոմեքենա, եկամուտ ու դրամական միջոցներ հայտարարագրված չեն:

Նորաստեղծ «Գործարար կուսակցության» քաղաքապետի թկանծուն Գեղամ Բաղդասարյանը չունի հայտարարգած ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։ «Ալտես Հիլզ» ՍՊԸ ստացել է 660 հազար դրամ աշխատավարձ և 220 հազար դրամ նույն ընկերությունից շահաբաժին:

«Հայ ազգային կոնգրես»-ի քաղաքապետի թեկնածու Եպրաքսյա Մեխակյանը ոչինչ չուներ հայտարարագրված՝ ո՛չ շարժական ու անշարժ գույք, ո՛չ էլ դրամական միջոցներ ու եկամուտ:

Նշենք, որ բոլոր թեկնածուները թանկարաժեք գույք տողում ոչինչ չեն նշել:

XS
SM
MD
LG