Մատչելիության հղումներ

Օհանյան. «Պայքարում ամենամեծ ձեռքբերումը մեր անկախությունն է»


«Պայքարում ամենամեծ ձեռքբերումը, որ ունեցել ենք, մեր անկախությունն է», - այսօր ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Օհանյանը համալսարանում էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է ապրիլյան մարտական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված լսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

«Այսօրվա հերոսները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պայքարը, որ մեր սերնդակիցներն են մղել, իզուր չի անցել, այդ պայքարում տարել ենք հաղթանակներ, ունեցել ենք հաջողություններ և ամենամեծ ձեռքբերումը, որ ունեցել ենք, մեր անկախությունն է, մեր պետության ազատ, անկախ արարումն ու առաջընթացը», - ասել է նախարարը:

Խոսելով բանակ-հասարակություն կապի առավել ամրապնդման անհրաժեշտության մասին, պաշտպանության նախարարը կարևորել է հասարակական տարբեր օղակների ներգրավվածությունը պետության պաշտպանության կազմակերպման գործին, նրանց մասնակցությունը զինված ուժերում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներին:

«Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Ճիշտ է ասված, որ հերոս է մեր ժողովուրդը: Եթե այսօր մեր ժողովուրդը ծնում է հերոսներ ու նրա զավակները` շատ դեպքերում կամավորական սկզբունքով, մեկնում են առաջնագիծ և ծառայում են մեր հայրենիքին ու հերոսանում են, ապա հերոս է նաև այն մայրը, հերոսներ են նաև այն ծնողներն ու հարազատներն, ովքեր իրենց զավակին դաստիարակում, համապատասխան պատրաստություն են տալիս և ուղարկում իր սահմանադրական պարտքը կատարելու: Հերոս ժողովրդին արժանի է հերոսական կյանք, հերոսական ապագա», - ասել է Օհանյանը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք, ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության, հիմնականում վերաբերել են կամավորական սկզբունքով ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին տրվող արտոնություններին, զինված ուժերի սպառազինությանը, սահմանագոտում տիրող իրադրությանը:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը խրախուսել է Տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողների և գիտաշխատողների: Հանդիպմանը մասնակցող` Տնտեսագիտական համալսարանում ուսանող ժամկետային երկու զինծառայողներին պաշտպանության նախարարի հրամանով հատկացվել է տասնօրյա արձակուրդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG