Մատչելիության հղումներ

Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչներն արդեն մի քանի ամիս է փորձում են թույլ չտալ, որ կանաչ տարածքը առևտրի օբյեկտի վերածվի։ Նրանց խոսքով, կառուցապատողը ամիսներ առաջ քաղաքապետարանից այդ տարծքում առևտրի կետ կառուցելու թույլտվություն է ստացել։

«Պիտի պարտադիր կառուցեմ, հիմա արդեն պրինցիպի հարց է։ Ինչ էլ ուզում եք արեք, ես կառուցելու եմ», - բնակիչների փոխանցմամբ, ասել է կառուցապատողը։

Առավոտյան Տիգրան Պետրոսյան փողոց արդեն շինարարական տեխնիկա էր բերվել։ Բանվորները փորձեցին տեղի նստարանն ու աղբամանը հեռացնել, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։

Հայտարարում են կանաչ տարածքներն ավելացնելու մասին, սակայն իրականում վերացնում են դրանք, բողոքեցին հարևան շենքերի բնակիչները։ «Խեղդվում ենք արդեն շենքերի մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Դավիթաշենցիների խոսքով, իրենք և՛ քաղաքապետարանին են նամակ գրել, և՛ թաղապետին են դիմել։ «Որ թաղապետի մոտ գնացինք բողոքելու, ինքն ասաց՝ «եթե իմ բնակիչներից մի հոգի էլ համաձայն չլինի, մենք այս կառուցումը չենք անելու»։ Բայց վերևից այդ մարդիկ թույլտվությունը բերել են, ձուկը գլխից է հոտած, վերևից է այդ ամեն ինչը գալիս», - ասացին բնակիչները։

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը տեղում առևտրի կետ կառուցելն անհեթեթ է համարում։ Ըստ Բախշյանի, քաղաքապետարանը կամայական որոշումներ է կայացրել։

«Մի քանի անգամ քաղաքապետին գրել եմ այն մասին, թե տրված թույլտվությունը ինչ օրենքներ է խախտել, ավագանու որ որոշումներն է խախտել։ Իրականում սա հանրային տարածք է, բայց ինձ պատասխանել են, որ սա Երևանի սեփականության հող է և իրենք կարող են հողհատկացմամբ տալ ինչ-որ մեկին։ Բայց ինչպե՞ս է այդ հողհատկացումն արվել՝ աճո՞ւրդ է եղել, ընթացակարգը պահպանվե՞լ է, թե՞՝ ոչ, դրա վերաբերյալ երկու օր առաջ եմ արել հարցում, դրա պատասխանը չեմ ստացել», - ասաց Բախշյանը։

Շինարարական տեխնիկան այսօր գործի չդրվեց, մոտ մեկ ժամ հետո այն հեռացվեց տարածքից։ «Հիմա էս մեքենա հանելը ոչինչ չի նշանակում։ Ոչ մի երաշխիք չկա, որ էս հողի վրա չի լինի էդ կառույցը, քանի դեռ քաղաքապետն իր թույլտվությունը չեղյալ չի համարել», - ասաց Բախշյանը։

Նշենք, որ ոստիկանների ուղեկցությամբ շրջող կառուցապատողի որդին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։

2016 թվականի բյուջեով քաղաքապետարանը նախատեսում է կանաչ տարածքների հիմնման և պահպանման համար հատկացնել 1 միլիարդ 631 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 224 միլիոնն արդեն ծախսվել է։ «Դավիթաշեն կանաչապատում» ընկերությանն էլ աշխատանքներ իրականացնելու համար քաղաքային բյուջեից 53 միլիոն դրամից ավելի գումար է վճարվել։

XS
SM
MD
LG