Մատչելիության հղումներ

Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել


ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր Մինսկում մասնակցել է Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահների հետ նախատեսված եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, քննարկման արդյունքներով երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ միջգերատեսչական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Կարևորելով հանցագործության և, մասնավորապես, անդրազգային հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համատեղ միջոցառումների իրականացումը՝ հանցագործությունների կանխարգելման, քրեական գործերով նախաքննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Երեք երկրների ՔԿ նախագահներն աջակցություն են հայտնել ԱՊՀ անդամ-պետությունների Քննչական կոմիտեների (նախաքննական այլ մարմինների) ղեկավարների խորհուրդ ձևավորելու նախաձեռնությանը և հույս հայտնել, որ Խորհրդի ձևավորումն էապես կնպաստի նոր մեխանիզմների ձևավորմանը՝ հանցավորության դեմ պայքարում, կանխարգելման գործում։

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Բելառուսի հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG